BBC-ի հաղորդավարի լիազորությունները սառեցվել են, նա «անպատկառ առաջարկ է արել մի 17 տարեկան տղայի»

BBC-ի կենտրոնակայանը, արխիվ

Բրիտանական հանրային հեռուստառադիոհեռարձակող BBC ընկերությունում խոշոր սկանդալ է պայթել՝ անորոշ ժամանակով սառեցվել են անվանի հաղորդավարներից մեկի լիազորությունները և միառժամանակ արգելվել է նրա ուղիղ եթեր դուրս գալը:

Այդ անձի անունը BBC-ն չի հայտնում: Ըստ ընկերության տարածած հաղորդագրության, անվանի տղամարդ հաղորդավարը «տարիներ առաջ մի 17-ամյա երիտասարդի սեռական բնույթի անպատկառ առաջարկներ է արել»:

Այդ երիտասարդը հիմա 20 տարեկան է: Սկանդալը սկսվել է այն բանից հետո, երբ այդ երիտասարդի մայրը մի քանի շաբաթ առաջ բողոքով դիմել է BBC-ին և իրավապահներին:

Բրիտանական մամուլը հաղորդում է, որ այդ հաղորդավարը, մասնավորապես, երիտասարդին «մեծ գումար՝ ավելի քան 35 հազար ֆունտ ստերլինգ է առաջարկել նրա մերկ լուսանկարների դիմաց»:

Հարցը քննում են նաև իրավապահները:

BBC ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Դեյվին վաղը պետք է ճեպազրույցում անդրադառնա խնդրին: Նա կոչ է արել ոչ մի դեպքում մամուլում չհրապարակել որևէ անուն և չարատավորել անմեղ մարդկանց ու սպասել իրավապահների պաշտոնական հաղորդագրությանը: