Իսրայելյան ընկերությունը տիեզերք կարձակի Ադրբեջանի արբանյակը

Azersky ադրբեջանական արբանյակը, արխիվ

Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությանն առընթեր «Ազերկոսմոս» գործակալությունը սկսել է տիեզերք նոր արբանյակ արձակելու աշխատանքը:

Նոր արբանյակի օգնությամբ պետք է կատարվի Երկիր մոլորակի հեռահար զոնդավորում, ասել է «Ազերկոսմոսի» նախագահ Սամադին Ասադովը:

«Դա դեռ չի նշանակում, որ արբանյակն անմիջապես պատրաստ կլինի: Դա երկարատև գործընթաց է, կարող է մի քանի տարի տևել: Մենք ենթադրում ենք, որ 2025-26 թվականներին նոր արբանյակը կարձակվի տիեզերք»,- ասել է Ասադովը:

Դրա համար անցկացվել է մրցույթ, որին մասնակցել են ընկերություններ Եվրոպայից, Ասիայից և Միացյալ Նահանգներից: Հաղթող է ճանաչվել իսրայելյան ընկերությունը, որը գործակալությանն առավել հարմար գին է առաջարկել:

«Դա համաշխարհային լիդերներից է այդ բնագավառում, սակայն ընկերության անունը կհրապարակենք ավելի ուշ»,- ասել է Ասադովը:

Այս տարվա ապրիլին՝ նախատեսվածից մեկ տարի շուտ, առաքելությունն ավարտել է Երկրի հեռավար զոնդավորման միակ ադրբեջանական արբանյակը՝ Azersky-ը: «Ազերկոսմոսը» և արբանյակի արտադրողը փորձել են վերականգնել կապը Azersky արբանյակի հետ, սակայն փորձերը ձախողվել են:

Azersky արբանյակն Ադրբեջանին պատկանող երեք արբանյակներից մեկն էր, մյուս երկուսն են կապի արբանյակներ Azerspace-1 և Azerspace-2: