«Եթե չքանդեն՝ ինքնուրույն է քանդվելու». Վանաձորի Սուխումի 4-ում 36 բնակարանների կեսն այլևս բնակիչ չունի՝ անհույս հեռացել են

Տուն չես համարի տարածքը, որտեղ տասնամյակներ շարունակ գիշերում է վանաձորցի Ժաննա Հայրապետյանը, կոմունալ ծախսեր ու գույքահարկ վճարում։

Սուխումի 4 հասցեի բարձրահարկի վերջին 4 տները դատարկ են։ Ավելի քան 20 տարի կաթացող տանիքի տակ քայքայված պատերից հազիվ է նշմարվում, որ դրանք երբևէ բնակարան են եղել, բազմանդամ ընտանիքներ են այստեղ ապրել։ Պետական կառույցների դռները ծեծելուց հետո վերջին երեք հարկերի բնակիչներն անհույս հեռացել են։

«Մեր շենքը կառուցված ժամանակվանից մինչև հիմա առաջինը հարկը լրիվ ջուր ա, նկուղը լրիվ ջուր՝ 40 տարի: 40 տարի եթե ես էս մեխը գցեմ ջրի մեջ ու հանեմ, էլ մեխ կմնա՞: Երկու հարկը փլված վերևը, տակի երկու հարկը փլված, միջին հարկերն ա, որ մի քանի ընտանիք ապրում են, տեղ չունեն գնալու, մեր նման», - ներկայացրեց Հայրապետյանը:

Ժաննա Հայրապետյանը 9-րդ հարկի արդեն քարուքանդ բնակարանը թողել, ներքև է իջել՝ արտագաղթած հարևանի տուն, որ գոնե մի քիչ ապահով զգա, բայց անգամ արևոտ օրերին ստիպված է լինում օրական մի քանի անգամ իր արդեն նախկին բնակարանից կուտակված անձրևաջրերը թափել, որ իրեն չհասնեն։

Սուխումի 4 հասցեի 9-հարկանին 81 թվականին է շահագործման հանձնվել։ Կիսաքանդ շենքի բնակիչն ասում է՝ նորամուտից ընդամենը մեկ տարի անց մասնագետները եկել, շենքը վթարային են համարել ու դեռ խորհրդային Հայաստանի ծրագրերում շենքի 36 ընտանիքներին վերաբնակեցնելու ծրագիր կազմել։ Բայց երկրաշարժից հետո առաջնահերթությունները փոխվել են, Սուխումի 4-ի մասին միայն թղթերում են հիշատակել։

«Հայտնում են, որ նշված շենքի էս տանիքի վրա հիմնանորոգման աշխատանքն ընդգրկված է Վանաձորի քաղաքապետարանի կողմից 2001 թվին կատարվող աշխատանքների ծրագրում: 2001 թիվը գնաց, հետո եկավ 2011, 11-ը դարձավ 21, 21-ն էլ դարձավ 23, ոչ մի բան», - ասաց բնակիչը:

Վանաձորի Համայնքապետարանի ցուցակներում 84 վթարային շենք կա, բոլորն էլ՝ 3-րդ կարգի։ Ժաննա Հայրապետյանի պնդմամբ, սակայն, մասնագետները բոլոր մասնավոր զրույցներում Սուխումի 4-ը չորրորդ կարգի են դասել՝ քանդման ենթակա, բայց Վանաձորի իշխանությունները թղթի վրա երբևէ չորրորդ կարգը չեն արձանագրել՝ գլխացավանքից ազատվելու համար։ Եթե չքանդեն՝ մի օր ինքնուրույն է քանդվելու, զգուշացնում է հուսահատ բնակիչն ու ցույց տալիս առաստաղից կախված ու ժանգոտած ամրանները։

Շենքի տանիք համարվող ծածկի վրա մարդաբոյ խոտեր են աճել, որոնք ևս քայքայում են շենքը, արմատներ գցում ու անցքեր բացում անձրևաջրերի համար։ Սուխումի 4-ում 36 բնակարանների կեսն այլևս բնակիչ չունի՝ անվերադարձ արտագաղթել են։

«Բոլորն էլ գիտեն, ասում են՝ ձեր շենքը մեր քաղաքի կույրաղիքն ա, կույրաղիքն ա հանեք դեն շպրտեք», -ասաց Ժաննա Հայրապետյանը:

Վանաձորի գլխավոր ճարտարապետը հաստատեց՝ ցուցակներում 4-րդ կարգի վթարայիններ չունեն, ամրացման ծրագրեր՝ նույնպես։ 84 վթարային համարված շենքերի վիճակը գնահատվել է 20 տարի առաջ։ Դրանք վերագնահատելու նախաձեռնություն Վանաձոր չի հասել։