Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ասել է, թե վաղը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի լիդերների գագաթնաժողովում եվրոպացիներին կոչ կանի Թուրքիային ընձեռել Եվրամիությանն անդամակցելու հնարավորություն, ինչից հետո Շվեդիան կստանա կարողանա միանալ ՆԱՏՕ-ին:
«Նախ բացեք Թուրքիայի ճանապարհը դեպի Եվրոպական միություն, իսկ դրանից հետո մենք կբացենք Շվեդիայի ճանապարհը դեպի ՆԱՏՕ, այնպես, ինչպես մենք արել ենք Ֆինլանդիայի պարագայում»,- ասել է Էրդողանն «Անադոլու» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում:
Նա նշել է նաև, որ Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի միանալու հարցը կախված է այդ երկրի կողմից ստանձնած պարտավորությունների կատարումից:
Այսօրվա դրությամբ Շվեդիայի հայտը չեն վավերացրել Թուրքիան և Հունգարիան: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն անցած շաբաթ ասել է, որ կփորձի նախքան հուլիսի 11-ին մեկնարկելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կարգավորել Շվեդիայի անդամակցումը խոչընդոտող քաղաքական բարդությունները:
Թուրքիան 1999 թվականից է համարվում Եվրոպական միության թեկնածու, սակայն Անկարայի և Բրյուսելի բանակցությունները հայտնվել են փակուղում: Եվրոպայի ոչ բոլոր երկրներն են Թուրքիայի անդամության կողմնակիցներ:
Արձագանքելով Եվրամիության մասին Էրդողանի մեկնաբանությանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր ասել է, թե լիովին սատարում է Անկարայի եվրոպական ձգտումներին, սակայն անդամակցումը ԵՄ-ին երբեք չի եղել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության պայմանների ցանկում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստոկհոլմը ՆԱՏՕ-ի հարցում դրական ակնկալիք ունի Վիլնյուսի գագաթնաժողովից ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բլինքենը և Ֆիդանը քննարկել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի և ռուս-ուկրաինական պատերազմի հարցերը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօր կհանդիպեն Շվեդիայի և Թուրքիայի ղեկավարները