Շրջափակման 209-րդ օրը ադրբեջանական կողմն ընդամենը մի քանի ժամով վերականգնեց Արցախի գազամատակարարումը, սակայն կապույտն վառելիքը արցախցիների բնակարաններ չհասավ։ Մինչ «Արցախգազը» նախապատրասվում էր մատակարարման մեկնարկին, Հայաստանից մտնող գազատարը դարձյալ փակվեց։ Թե ինչու ադրբեջանական կողմն այդպես վարվեց, պարզ չէ։
Ընդհանուր առմամբ գազամատակարարումը խափանված է ավելի քան երեք ամիս, տարեսկզբից էլ Հայաստանից Արցախ հոսանք չի մտնում. տեղական էլեկտրաէներգիա են սպառում՝ այն էլ մի քանի ժամով։ Ե՛վ գազատարը, և՛ էլեկտրական գիծն անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածով։
Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը երեկ հայտնել էր, որ արցախյան կողմի հետ գազամատակարարման վերականգնման, ապա խափանման հարցով Ադրբեջանի հետ որևէ հաղորդակցություն տեղի չի ունեցել։ Թե որոնք են երեք ամիս անց գազի մակատարարման մի քանի ժամով վերականգնման պատճառները, ըստ Բեգլարյանի՝ միայն կարելի է ենթադրել։
«Այս քայլի գլխավոր նպատակը միգուցե կոնկրետ պահի արտաքին ճնշումը որոշակիորեն նվազեցնելն էր, սակայն վստահ եմ, որ մի շարք այլ նպատակներ էլ են հետապնդել Ադրբեջանի իշխանությունները, օրինակ՝ ցանկացած պահի անակնկալ կերպով միացնել-անջատելու միջոցով հարուցել մշտական անորոշություններ և տարաբնույթ բամբասանքներ ու կասկածներ Արցախի բնակչության շրջանում, որի օգտին է խոսում այսօրվա ընդհատումը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարարի խորհրդականը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախյան կողմի հետ գազամատակարարման վերականգնման, ապա խափանման թեմայով «որևէ հաղորդակցություն տեղի չի ունեցել»«Խոստումնալից սկսված օրը կրկին ավարտվեց հիասթափությամբ և հուսախաբությամբ»,- կարճ ժամանակով գազամատակարարման վերականգնմանը այսպես է արձագանքել Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Ինչպես բազմիցս կրկնել է Եվրամիությունը, շատ կարևոր է, որ էներգիայի մատակարարումը վերականգնվի առանց սահմանափակումների, ինչպես նաև մարդկանց և ապրանքների տեղաշարժը Լաչինի միջանցքով», - Թվիթերի իր էջում գրել է եվրոպացի դիվանագետը։
Սննդի պակաս, վառելիքի, հիգիենայի պարագաների իսպառ բացակայություն, դժվարացած տեղաշարժ. հումանիտար խնդիրների շարքն այսքանով չի ավարտվում, արցախցիները բլոկադայի 8-րդ ամիսը սկսում են օրեցօր բարդացող առօրյայով, արդեն 25 օր է Հակարիի կամրջի հայկական հատվածում ադրբեջանական դրոշի տեղադրման միջադեպից հետո Հայաստանից հումանիտար բեռներ Արցախ չեն մտնում։
«Սնունդը պակաս է, միրգ ընդհանրապես չկա, չգիտեմ՝ յոլա ենք ենք գնում, գազ էլ չկա, լույսը ժամերով է», - ասաց Ասկերանի շրջանի Նորագյուղից Անահիտ Տոնյանը։
Ձեթ և շաքարավազ ընդհանրապես չկա, խանութներում քիչ քանակությամբ բրինձ, հնդկաձավար ու մակարոնեղեն է ճարվում, պատմեց նա։
Քաղցրավենիքի մասին ընդհանրապես խոսք չկա, Անահիտի երկու երեխաները դրան կարոտ են մնացել. - «Մեր բոստանում վարունգ, պոմիդոր ենք աճացնում ու դրանով էլ յոլա գնում»։
Վառելիքի սղության պատճառով դժվարացել է նաև քաղաքացիների տեղաշարժը, գնում- գալիս են ժամանակացույցով աշխատող երթուղայիններով։ Արցախի կառավարությունն օրերս որոշեց զգալիորեն կրճատել հանրային տրանսպորտի աշխատանքը։ Երթուղայինների գրաֆիկը հրապարակված է, որոշ բնակավայրեր տրանսպորտը մի քանի օրը մեկ է հասնում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարդան Օսկանյանը կրկնում է իր առաջարկը և մեկնաբանում, թե ինչ գործիքներով է հնարավոր հասնել իր նախանշած նպատակինՄարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղից Աշխեն Գրիգորյանը Ստեփանակերտ հասնելու համար պետք է սպասի շաբաթը երկու անգամ աշխատող երթուղայինին, բայց դեռ հարց է՝ կստացվի նստել, թե ոչ. - «Որ կարողանում ենք կանգնել, մեկ ոտքի վրա գնում ենք, երկու գյուղը միասին ընդամենը մեկ մարշուտկա է գնում»։
Ադրբեջանը շարունակաբար պնդում է, թե Լաչինի միջանցքը բաց է, մինչդեռ այնտեղով հունիսից ի վեր միայն միջազգային Կարմիր խաչի հատուկենտ մեքենաներն են անցել՝ Հայաստան տեղափոխելով ծանր հիվանդներին։ Բաքուն նաև հրաժարվում է կատարել Հաագային արդարադատության դատարանի դեռ փետրվարին կայացրած որոշումը, ըստ որի՝ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը պետք է բացվի։ Բլոկադան Արցախում տնտեսական լուրջ խնդիրներ է ստեղծել, պաշտոնական տվյալներով՝ շուրջ 11 հազար քաղաքացի կորցրել է աշխատանքն ու եկամտի աղբյուրը։ Ստեփանակերտի հաշվարկներով՝ շրջափակման հետևանքով Արցախի տնտեսությունը շուրջ 400 միլիոն դոլարի վնաս է կրել։