Կարմիր գորգը փռված է, բերքահավաքը՝ սկսված։ 100-ից ավելի ֆիլմ, միջազգային հեղինակավոր կինոփառատոնների դափնեկիրներ... Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 20-րդ հոբելյանական միջազգային կինոփառատոնը։
«Ոսկե Ծիրանի» գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը վստահ է՝ գրեթե բոլոր գործոնները և բաղադրիչները կան լավ փառատոնի համար, մնում է վերջին տարրը՝ հանդիսատեսի մասնակցությունը։ Փառատոնի հիմնադիր, նախագահ Հարություն Խաչատրյանը փոքրիկ էքսկուրս անցկացրեց 20 տարիների անցած բարդ ճանապարհով, որի ընթացքում, նրա խոսքով, լավ ընկերները չդավաճանեցին, թույլ տվեցին, որ խակ ծիրանը հասնի։
«Նկարեցինք տարբեր իշխանությունների ժամանակ, տարբեր մշակութային վիճակներում, տարբեր լույսերով և առանց լույսի, տարբեր մարդկանց սիրով և ատելությամբ, բայց ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնեցին, որ փառատոնը կայանա, ոչ միայն կայանա, այլ տարածվի ու ճանաչվի ամբողջ աշխարհով մեկ», - նշեց Խաչատրյանը:
Փառատոնի առաջինը օրը հյուրերին պատվելու օրն էր։ Ավանդույթի համաձայն պատվավոր «Փարաջանովյան թալեր» մրցանակակիրներից մեկի տերը դարձավ ճապոնացի ռեժիսոր, Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր Տակեշի Կիտանոն։
«Արժեր 16 ժամ թռչել Հայաստան հասնելու համար», - ասաց ճապոնացի մեծանուն ռեժիսորը՝ խոստանալով՝ պարտավոր է էլ ավելի լավ կինոներ նկարել։
«Փարաջանովյան թալեր» մրցանակի արժանացան նաև Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու» կրկնակի դափնեկիրներ Դարդեն եղբայրները։ Ավելի վաղ Դարդեն եղբայրները հասցրել էին իրենց ստորագրությունները թողնել Երևանի կինոտան հայտնի պատին, մասթեր-կլաս ունեցել նրանց արվեստի սիրահարների հետ։
Բելգիացի ռեժիսորները, որոնք մասնագիտական կրթություն չեն ստացել, կինոաշխարհը ցնցել են փոքր բյոջեով, սոցիալական սուր ու ցավոտ պատմություններով։ «Ազատության» հետ կարճ զրույցում Կաննի մրցանակակիր եղբայրներն ասացին՝ երջանիկ են լինել Հայաստանում, լինել մի ազգի կողքին, որ այդքան տառապելուց հետո էլ շարունակում է պայքարել։ Իրենց ֆիլմի հերոսներն էլ պայքարող տեսակներ են, որոնք գիտեն՝ հանուն ինչի է այդ ամենը։
«Առաջին անգամն ենք, դժվար է ինչ-որ բան ասել, բայց ամեն ինչ շատ հետաքրքիր է թվում, մենք տեսել ենք ծրագիրը, տարբեր ֆիլմեր են, վստահ եմ, լավ փառատոն է: Լավ ուտելիք, լավ ընկերներ, լավ կինոներ», - նշեցին նրանք:
Ի դեպ, փառատոնի ընթացքում ցուցադրվելու են և՛ Դարդեն եղբայրների, և՛ Տակեշի Կիտանոյի ֆիլմերը։ Սպասվում են նաև վարպետության դասեր հեղինակավոր ռեժիսորների սցենարիստներ հետ։
Այս տարի նաև թանգարաններն են միանում փառատոնին. - «Ոսկե Ծիրանի» 7 օրը նաև յուրաքանչյուր օր բացվող նոր ցուցահանդես է: Հիմա սկսել ենք դա ու կարծում եմ, որ բովանդակության առումով վատ չենք սկսել, այսինքն, կա ցուցահանդես «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում, ազգային պատկերասրահում, Կինոյի տանը»:
Կինոփառատոնին զուգահեռ այսօրվանից սկսվում է արտադրական հարթակը՝ GAIFF Pro Industry Platform-ը, որը ներկայացնում է սկսնակ կինոգործիչների նոր նախագծեր Արևմտյան Ասիայի տարածաշրջանից: Ընտրված ցանկում են աշխատանքներ Իրաքից, Պաղեստինից, Հորդանանից, Վրաստանից, Իրանից և Հայաստանից․ շատերը համատեղ արտադրություններ են։ «Ոսկե Ծիրանի» 20-րդ հոբելյանից բացի այս տարի նշվում է հայ կինոյի 100-ամյակը։
Առանձին ծրագիր նվիրված է լինելու հենց հայկական կինոյին։ Քիչ չեն նաև հայ ժամանակից ռեժիսորների աշխատանքները՝ արցախյան խնդրից մինչև սելեկտիվ աբորտներ թեմաներով. - «Բոլոր ծրագրերում կա հայկական ներկայություն, զուգահեռ Ստեփանակերտում ընթանում են կինոդիտումներ, փորձեցինք, մեծ դժվարությամբ, այնպես անել, որ նույն բացման օրը ֆիլմը ցուցադրվի նաև Ստեփանակերտում»:
Փառատոնը բացվեց Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» ֆիլմով, որի պրեմիերան կայացել է Ռոտերդամի փառատոնում։ Ֆիլմում գլխավոր դերակատարներից մեկը հայ դերասաններ Սամվել Թադևոսյանն է։ Կինոտոնը կփակվի կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Օրացույցը» ֆիլմով։ Նույն օրը ԿինոՄոսկվայի հարակից աստղային պուրակը կավելանա հայկական կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից Դանիել Դզնունու աստղով։
Մրցանակակիրները հայտնի կդառնան շաբաթվա վերջին, փառատոնն էլ կավարտվի բացօթյա գալա-համերգով։