Այս փուլում Միացյալ Նահանգները դարձել է գլխավոր միջնորդն ինչպես Հայաստան-Ադրբեջան բանակցություններում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև ինչ-որ շփումներ ստեղծելու հարցում, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը՝ միևնույն ժամանակ կարևորելով բանակցությունների ձևաչափում միջազգային ինստիտուցիոնալիզացված ներգրավվումը։
Ըստ քաղաքագետի՝ առանց երրորդ կողմի, առանց միջազգային ներգրավվածության բարդ է լինելու Ստեփանակերտի համար նորմալ պայմաններում երկխոսություն սկսել Ադրբեջանի հետ։
Անցած շաբաթասկզբին, Հանրային հեռուստաընկերության եթերում, խոսելով արցախահայերի՝ Ադրբեջանի կազմում գոյատևելու հնարավորության մասին, Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հայտարարեց, թե «հավատացած ենք ու հույս ունենք, որ դա հնարավոր է։ Եվ կարծում ենք, որ բոլոր կողմերը պետք է միասնաբար ջանքեր գործադրեն, որպեսզի դա հնարավոր դարձնեն։ Միացյալ Նահանգները կարծում է, որ դա է ճիշտ մոտեցումը»։
Ստեփանակերտի արձագանքը չուշացավ․ Արցախի արտգործնախարարությունը հայտարարեց՝ միջնորդների մոտեցումները չպետք է կանխորոշեն բանակցությունների արդյունքը։
Հարցազրույցից երեք օր անց դեսպանը պարզաբանեց՝ «Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ բանակցությունների արդյունքներ չի կանխորոշում, այլ աջակցում է համաձայնության կայացմանը, որը կլինի տևական, կայուն և կապահովի հիմքեր խաղաղության համար»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության շուրջ համաձայնություն չկա, Արցախից հայտնում են՝ Ադրբեջանը ինտեգրացիա է պահանջումՏիգրան Գրիգորյանն «բավականին անհաջող» համարելով հանրայինի եթերում Քվինի հայտարարությունը՝ միևնույն ժամանակ կարևոր զարգացում համարեց հայտարարության վերաբերյալ դեսպանի դիրքորոշման հստակեցումը։
«Բայց այդ հայտարարությունը նաև հետևանք է Հայաստանի կողմից վարվող քաղաքականության, այսինքն՝ պետք է հասկանալ, որ ԱՄՆ դեսպանը չի կարող Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել։ Եթե Հայաստանի իշխանություններն են խոսում հարցի լուծման մասին Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում, պարզ է որ միջազգային հանրությունը ևս ընդունելու է այդ դիրքորոշումը, և նմանատիպ հայտարարություններն, իհարկե, Հայաստանի վարած քաղաքականության արդյունքն են առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում։ Բայց պետք է հստակ հասկանալ, որ առանց իրական անվտանգային երաշխիքների, առանց այդ մեխանզիմների ստեղծման՝ խոսել անվտանգության կամ ապահով կյանքի մասին արցախահայության համար Ադրբեջանի կազմում, պարզապես անիմաստ է», - ասաց քաղաքագետը։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․