Հաագայի դատարանի որոշումը հստակ է և պետք է ամբողջությամբ կատարվի Ադրբեջանի կողմից. ԱԳՆ

Արդարադատության միջազգային դատարանը վերահաստատել է իր որոշումը՝ Ադրբեջանին պարտավորեցնելու Լաչինի միջանցքով ապահովել անարգել մուտք, Թվիթերում գրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը։

Նա գրառումն արել է՝ մեկնաբանելով միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հաղորդումը, թե դատարանը չի փոխել փետրվարի 22-ի իր վճիռը։

Հաագայի դատարանի որոշումը հստակ է և պետք է ամբողջությամբ կատարվի Ադրբեջանի կողմից՝ առանց որևէ շահարկումների և տեքստի կեղծ մեկնաբանությունների, գրել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Դեռ նախորդ որոշմամբ Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Լաչինի միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխափան տեղաշարժն ապահովելու համար։ Արցախից և Հայաստանից մշտապես ահազանգում են, որ այդ որոշումն ի կատար չի ածվում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հաագայի դատարանի փետրվարի 22-ի որոշումը չկատարելու համար Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ