Արցախի Ազգային ժողովի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության Դավիթ Գալստյանին միանշանակ չեն բավարարում իշխանությունների հավաստիացումները, որ ճգնաժամը կառավարելի է:
«Ճգնաժամը գնալով խորանում է, ճգնաժամը չի կարող կառավարելի լինել, քանի որ չունենք համապատասխան քանակությամբ պահեստավորված ապրանքներ: Միանշանակ աչք է ծակում, որ արդեն իսկ կա այդ սակավությունը, և չգիտես ինչու կա, քանի որ կարող էին այնպես անել, որ չլիներ», - «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց Գալստյանը՝ մանրամասնելով. - «Որովհետև որոշ ժամանակ առաջ պարբերաբար կարողանում էին տարբեր բեռնափոխադրումներ իրականացնել՝ մինչև հունիսի 15-ը ընկած ժամանակահատվածում: Դա դիզվառելիքի, բենզինին պակասությունն է, որը նաև զուգահեռ մնացած բոլոր ապրանքների վրա է ազդում»:
«Օրինակ, կան թաղամասեր, որտեղ չկան հացի փռեր, և բենզին կամ դիզվառելիք չունենալու պատճառով չեն կարողանում հասցնել խանութներ, և շատ հերթեր են գոյանում այդ փռերի մոտ: Եվ նմանատիպ շատ ապրանքներ: Գյուղացիները համայնքներում արտադրում են որոշակի գյուղատնտեսական ապրանքներ, կառավարությունը չի կարողանում կազմակերպել՝ այդ գնումները արվի, որպեսզի հասցնի մայրաքաղաք կամ շրջկենտրոններ, որտեղ մարդիկ կարող են սպառել այդ ապրանքը: Ասինքն՝ բերքահավաքի ժամանակ բերքը իրացնելու խնդիր կա՝ կապված վառելիքի հետ: Եվ միայն ու միայն ասել, որ «մենք կառավարում ենք», բայց գործնականում մենք դա չենք տեսնում, համենայն դեպս», - ընդգծեց արցախցի ընդդիմադիր պատգամավորը:
«Նկատի ունեք, որ չի՞ հաշվարկվել ժամանակին սցենարը, որ նաև հումանիտար բեռնափոխադրումները ինչ-որ պահի կարգելվեն», - այս հարցին Գալստյանն արձագանքեց. - «Այո, որովհետև նրանք, եկավ մի պահ, երբ որ սկսեցին բիզնես մտածելակերպով առաջնորդվել, և գարեջուր, չիփս, չգիտեմ, «Ջերմուկ» կամ կետչուպ մայոնեզ բերել առաջին անհրաժեշտության ապրանքների կամ դիզվառելիքի փոխարեն: Եվ երբ որ մենք դրա մասին այն ժամանակ բարձրաձայնում էինք, ապա մեզ ասում էին, որ դա ժողովրդի պահանջն է, իսկ իրենք ժողովրդի ցանկությամբ են առաջնորդվում»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.