Հայերը պետք է հնարավորություն ունենան ապրել Լեռնային Ղարաբաղում իրենց իրավունքների և մշակույթի հարգմամբ. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարներն այսօր քննարկել են տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցեր, հայտնում են Արտգործնախարարությունից։

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցի ժամանակ Կատրին Կոլոննային ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Նրանք անդրադարձել են սահմանազատման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի՝ միջազգային մեխանիզմի ներքո հասցեագրման, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակմանն առնչվող հարցերի։

Փարիզի հաղորդմամբ, Ֆրանսիայի արտգործնախարարն ընդգծել է, որ միայն միջազգային իրավունքը հարգող և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության՝ այնտեղ ապրելու հնարավորությունը երաշխավորող համաձայնությունը հնարավոր կդարձնի Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար ու տևական խաղաղությունը: Կատրին Կոլոննան շեշտել է, որ հայերը պետք է հնարավորություն ունենան ապրել Լեռնային Ղարաբաղում իրենց իրավունքների և մշակույթի հարգմամբ:

Նախարար Միրզոյանն, իր հերթին, ընդգծել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման միջոցով խնդիրները լուծելու անթույլատրելիությունը, Ադրբեջանի կողմից ագրեսիվ գործողություններից և սադրիչ հռետորաբանությունից զերծ մնալու անհրաժեշտությունը, նշված է հաղորդագրության մեջ։

Ընդգծվել է Լաչինի միջանցքի արդեն կես տարուց ավելի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական ճգնաժամի հաղթահարման և Ադրբեջանի կողմից էթնիկ զտումներին ուղղված հետագա գործողությունների կանխման ուղղությամբ միջազգային ջանքերի հրատապությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զախարովա. «Ռուսաստանում պատրանք չունեն, թե Ֆրանսիան կարող է դրական դեր կատարել հայ-ադրբեջանական խնդրում»
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետը ևս մեկ անգամ արձանագրում է՝ Արցախում Հայաստանի բանակ չկա