Վրաստանի դեսպանը, կատարելով Զելենսկու պահանջը, այսօր լքել է Ուկրաինան

Վրաց-ուկրաինական դիվանագիտական ճգնաժամն էլ ավելի խորացավ այն բանից հետո, երբ Կիևում Վրաստանի դեսպան Գեորգի Զաքարաշվիլին այսօր, օրվա առաջին կեսին, ստիպված եղավ լքել Ուկրաինայի տարածքը։

«Երեքշաբթի առավոտյան ես հանդիպեցի Ուկրաինայի փոխարտգործնախարարի հետ։ Այդ հանդիպման ընթացքում նա Միխեիլ Սաակաշվիլիի հարցով ուկրաինական կողմի տեսակետը ներկայացրեց և, դրանից ելնելով, խնդրեց ինձ 48 ժամվա ընթացքում լքել երկիրը և վերադառնալ Վրաստան՝ խորհրդակցությունների նպատակով։ Մենք, իհարկե, համաձայնեցինք կատարել այս պահանջը, քանի որ դա Ուկրաինայի նախագահի պահանջն ու խնդրանքն էր», - նշում էր վրաց դիվանագետը։

Կիևի և Թբիլիսիի առանց այդ էլ լարված հարաբերությունները էլ ավելի սրվեցին երկուշաբթի օրը, երբ գրեթե հինգ ամիս շարունակված դադարից հետո, Վրաստանի երրորդ նախագահը հեռավար կապի միջոցով՝ հիվանդանոցից, մասնակցեց իր դեմ հարուցված քրեական գործերից մեկով ընթացող դատավարությանը։ Միխեիլ Սաակաշվիլին գործնականում անճանաչելի էր։ Վրաստանի նախկին նախագահը խիստ հյուծված և ակնհայտորեն անառողջ տեսք ուներ։

Կիևում Վրաստանի դեսպանի փաստացի արտաքսման մասին Ուկրաինայի նախագահը հայտարարեց Սաակաշվիլիի այս հայտնությունից մի քանի ժամ անց՝ պաշտոնական Թբիլիսիին կրկին մեղադրելով ռուսական շահերը սպասարկելու մեջ։

«Այսօր աշխարհը մեկ անգամ ևս տեսավ, թե ինչպես է Կրեմլը, ցավոք, Վրաստանի կառավարության օգնությամբ, սպանում Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիին», - հայտարարում էր Վլադիմիր Զելենսկին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին Թբիլիսիից պահանջում է Սաակաշվիլիին տալ Ուկրաինա բուժման մեկնելու հնարավորություն

Վրաստանի երրորդ նախագահը ուկրաինական քաղաքացիություն էր ստացել 2015 թվականի մայիսին՝ Օդեսայի նահանգապետ նշանակվելուց առաջ։ Պաշտոնական Թբիլիսին, սակայն, պնդում է՝ Սաակաշվիլին իրեն մեղսագրվող հանցանքները կատարել է Վրաստանի քաղաքացի եղած ժամանակ և պետք է պատասխան տա վրացական օրենսդրության համաձայն։

«Սաակաշվիլիի արտահանձնման հարցով քննարկումները Կիևի հետ բացառված են», - երեկ հայտարարում էր «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

«Ուկրաինայի կառավարության դիրքորոշումը հիմնավոր չէ։ Բայց նույնիսկ այս պայմաններում, չնայած ուկրաինական իշխանությունների վիրավորական հայտարարություններին, մենք պատրաստ ենք պահպանել բարեկամական հարաբերությունները Կիևի հետ՝ թեկուզ և դա միակողմանի բնույթ կկրի», -նշում էր Կոբախիձեն։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ավելի հեռուն գնաց՝ հայտարարելով, որ ոչ թե Կիևը պետք է Թբիլիսիին պահանջներ ներկայացնի, այլ հակառակը՝ Թբիլիսին Կիևին։

«Այնպես չէ, որ Սաակաշվիլիին Ուկրաինա արտահանձնելու թեմայով քննարկում պետք է լինի։ Հակառակը, այդ մենք ենք, որ վաղուց արդեն սպասում ենք, թե երբ է Կիևը մեզ հանձնելու արդարադարտության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլուն և ներքին գործերի նախկին փոխնախարար Գիյա Լորդկիպանիձեին, որպեսզի նրանք մեր երկրի տարածքում կրեն դատարանի վճռով սահմանված պատիժները», - ասում էր Վրաստանի խորհրդարանի նախագահը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սաակաշվիլին՝ Կիևի և Թբիլիսիի միջև հերթական սկանդալի պատճառ

Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին, ի տարբերություն իշխանության օրենսդիր թևի, երեկ փորձում էր շատ չսրել իրավիճակը՝ հավատացնելով՝ չնայած Կիևի գործողություններին ուկրաինական հարցում Թբիլիսիի դիրքորոշումն անփոփոխ է։

«Մեր հանդեպ կայացված որևէ անպատասխանատու որոշում չի ստիպի մեզ վերանայել Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին աջակցություն ցուցաբերելուն միտված մեր քաղաքականությունը։ Այս ողջ ընթացքում մենք մեր կարողությունների չափով թե՛ մարդասիրական, թե՛ քաղաքական և թե՛ դիվանագիտական աջակցություն ենք ցուցաբերել Ուկրաինային։ Հետագայում դա ևս կարվի՝ չնայած այս անհիմն որոշմանը», - հայտարարում էր Վրաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։

Կիևից, սակայն, հակադարձում են՝ այդ Վրաստանն է, որ շատ շուտով կարող է օգնության կարիք զգալ և շատ հնարավոր է չստանա այն, իր իշխանությունների այսօրվա պահվածքի պատճառով։

«Անխուսափելիորեն գալու է մի պահ, երբ Վրաստանը զգալու է բարեկամների և դաշնակիցների կարիքը, սակայն նայելով իր շուրջը, չի հայտնաբերի նրանց։ Չգիտեմ, արդյոք դա ողբերգություն կլինի ներկա իշխանությունների համար, բայց այն, որ դա ողբերգություն է լինելու Վրաստանի համար՝ հարյուր տոկոսով վստահ եմ», - մեկնաբանելով երկկողմ հարաբերություններում ծագած հերթական ճգնաժամը՝ Ֆեյսբուքում գրել է Ուկրաինայի նախկին արտգործնախարար Պավել Կլիմկինը։