«Վերադարձի զարթոնք» համերգի կազմակերպիչները հուսով են, որ կկարողանան վերականգնել «Վերադարձի փառատոնը»

Հուլիսի 7-ին Կոմիտասի անվան կամերայի երաժշտության տանը տեղի կունենա «Վերադարձի զարթոնք» խորագրով վոկալ երաժշտության երեկո, որը կազմակերպել է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի աջակցությամբ։

Համերգից առաջ լրագրողների հետ հանդիպմանը «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի ղեկավար Մարիամ Շահինյանն նշեց, որ համերգի ընթացքում հանդես կգան երեք անվանի օպերային երգչուհիներ՝ Լիլիթ Սողոմոնյանը, Ալինա Փահլևանյանը և Աննա Պողոսյանը. - «Բոլոր երեք սոպրանոները շատ տարբեր են իրենց ձայնային, գունային գամմայով։ Համերգում ընդգրկված են արևմտաեվրոպական, հայկական և ռուսական ստեղծագործություններ։ Կունենանք Աճեմյան, Ջրբաշյան, Պուչինի, Վերդի, Ռոսինի։ Կարծում եմ, այս համերգային երեկոն կլինի շատ հետաքրքիր, նաև հետաքրքիր անակնկալներով լի կլինի։ Չեմ ուզում բացել փակագծերը»։

Դեռ տարիներ առաջ «Արվեստների պատկերասրահ» հիմնադրամը Մարիամ Շահինյանի և Գարեգին Նազարյանի գլխավորությամբ հիմնադրեց դասական երաժշտության «Վերադարձի փառատոնը», որը նպատակ ուներ տարին երկու անգամ հայ երաժշտասեր հանրությանը ներկայացնել հիմնականում Հայաստանից դուրս ապրող ու ստեղծագործող հայ երաժիշտ կատարողներին։

Այս փառատոնը, որը երբեք չէր ֆինանսավորվել Մշակույթի նախարարության կողմից, գործեց մինչև 2016 թվականը, հետո դադարեցրեց գործունեությունը Հայաստանում և սկսեց գործել արտերկրում, մասնավորապես՝ Միացյալ Նահանգներում։

Մարիամ Շահինյանն այսօր համոզմունք հայտնեց, որ Կամերային երաժշտության տանը հուլիսի 7-ին կայանալիք համերգով իրենք կազդարարեն «Վերադարձի փառատոնի» վերադարձը Հայաստան, որտեղ կշարունակեն հայ երաժշտասերներին մատուցել լավագույն համերգներ հայ երաժիշտ կատարողների մասնակցությամբ. - «Պատճառը նա էր, որ չունեինք ֆինանսական աջակցություն, դադարեցվեց։ Դուք բոլորդ լավատեղյակ եք, որ միակ ֆինանսական աջակցությունը և մեր գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ կազմակերպությունը՝ ի դեմս Ռալֆ Յիրիկյանի։ Կազմակերպությունն անցավ ավելի սոցիալական ծրագրերի ֆինանսավորմանը։ Ձևաչափը նոր ենք ընտրել Կամերային երաժշտության ազգային կենտրոնի հետ միասին։ Հուսով եմ, որ կվերականգնենք մենք մեր փառատոնային գործունեությունը։ Հուսով եմ։ Եթե ունենանք մենք ֆինանսական աջակցություն՝ անպայման։ Հուսով եմ, որ այս համերգը մեծ արձագանք կգտնի հանրության մեջ, և մենք կունենանք ևս վստահություն այս համերգով, որպեսզի դիմենք պետական կառույցներին»։

Շահինյանը հիշեցրեց նաև, որ այն ժամանակ տարին երկու անգամ տեղի ունեցող իրենց փառատոնը մեծ սեր էր վայելում թե' հայ ունկնդրի, թե' հայ երաժիշտների կողմից։

Նա ընդգծեց նաև, որ հիմա կրկին մեր անվանի օպերային երգչուհիները մեծ սիրով են արձագանքել համերգ կազմակերպելու իրենց առաջարկին։

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգայի ակադեմիական թատրոնի մեներգչուհի Լիլիթ Սողոմոնյանն ասաց. - «Ծչագիրը ընտրվել է, որպեսզի հանդիսատեսին ոգևորել և թույլ տալ մի փոքր անջատվել այս ծանր և դառը իրականությունից։ Ծրագրի ընտրությունը թերևս շատ թեթև անցավ, որովհետև բոլորիս գաղափարը նույնն էր, այսինքն՝ չծանրացնել ոչինչ, ընդհակառակը՝ էնպիսի նյութեր ընտրել, որը իր հետ բերում է թեթևություն, ժպիտ, պարգևել հանդիսատեսին ուրախ և ճոխ երեկո։ Մենք ընտրել ենք տարբեր ստեղծագործություններ ռուսերեն, իտալերեն, ֆրանսերեն, հայերեն լեզուներով, մեկը մյուսից գեղեցիկ, մեկը մյուսից ծորուն, մեկը մյուսից շքեղ։ Հրավերը անհնար էր չընդունել, որովհետև կա մարդկային գործոն. մենք բոլորս համախմբված ենք էս ծրագրի շուրջ, և անկախ ամեն ինչից, ցանկանում ենք իսկապես էս պրոյեկտին նոր կյանք, հրաշալի ձեռքբերումներ»։

Համերգի ընթացքում երեք սոպրանոներին կնվագակցի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահարուհի Մարգարիտ Սարգսյանը։