Կրեմլը չի հետաքրքրվում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր և ղեկավար Եվգենի Պրիգոժինով այն բանից հետո, երբ նա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ դադարեցրել է զինված խռովությունը: Այդ մասին այսօր ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Այսօր ավելի վաղ Լուկաշենկոն Մինսկում հրավիրած ասուլիսում պնդել է, թե Պրիգոժինն այլևս Բելառուսի տարածքում չէ:
«Մենք չենք հետևում նրա [Պրիգոժինի] տեղաշարժին, մենք ոչ դրա հնարավորությունն ունենք, ոչ էլ ցանկությունը»,- հայտարարել է Պեսկովը:
Նա հաստատել է, որ առաջիկայում նախատեսվում է Պուտինի և Լուկաշենկոյի հանդիպումը, սակայն նշել է, թե դրա ժամկետը դեռ որոշված չէ:
Լուկաշենկոն ավելի վաղ հայտնել է, որ այդ հանդիպման ընթացքում ի շարս այլ թեմաների, կքննարկվի նաև Պրիգոժինի հարցը:
Երեկ Ռուսաստանի պետական հեռուստակայանը չափազանց կոշտ քննադատական մեկնաբանություններով է ուղեկցել Պրիգոժինի մասին ռեպորտաժը և հաղորդել է, որ հեղաշրջման փորձի հոդվածով քրեական հետաքննությունը շարունակվում է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վագներ»-ը դադարեցրել է վարձկանների հավաքագրումը