Հայաստանի վարչապետը Արցախի նախագահի խնդրանքով է հեռախոսազրույց ունեցել Ռուսաստանի ղեկավարի հետ, ասել է Արայիկ Հարությունյանն այսօրվա խորհրդակցությանը։
Ըստ նրա աշխատակազմի հաղորդագրության՝ խորհրդակցությանը քննարկվել են Փաշինյան-Պուտին հեռախոսազանգի արդյունքները։
Կրեմլը այս զանգի մասին հայտնել էր՝ նշելով, որ երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են Լաչինի միջանցքով անխոչընդոտ տրանսպորտային կապի ապահովման հարցերի։ Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը և այն հաղթահարելու ուղիները:
Արցախի նախագահն ավելի վաղ նամակով դիմել էր Ռուսաստանի նախագահին, ըստ հակաճգնաժամային խորհրդի նախագահի, ներկայացրել երկրի ու ժողովրդի ծանրագույն վիճակը։
Ադրբեջանական աճող սպառնալիքների ու հումանիտար փոխադրումների լրիվ կասեցման պայմաններում օրեցօր սրվող անվտանգային ու հումանիտար իրավիճակը լրջագույն մարտահրավերներ է առաջացնում Արցախի ժողովրդի գոյության նկատմամբ, այսօր կրկին ահազանգել է Արայիկ Հարությունյանը։
«Բոլոր պատասխանատու դերակատարների կողմից հրատապ ու արդյունավետ քայլերի ձեռնարկման սուր անհրաժեշտություն կա՝ յուրաքանչյուրն իր պարտավորությունների շրջանակներում: Մեր կողմից հնչեցվող գոյաբանական ահազանգի պայմաններում Արցախի ժողովուրդն ու իշխանությունները ակնկալում են սեղմագույն ժամկետում շոշափելի արդյունքներ անվտանգային ու հումանիտար իրավիճակի մեղմացման և շրջափակման վերացման ուղղությամբ», - ընդգծել է Արայիկ Հարությունյանը:
Արցախը մնում է հավատարիմ իր կառուցողական կեցվածքին և պատրաստ է քաղաքակիրթ երկխոսությամբ քննարկել ու խաղաղ միջոցներով կարգավորել բոլոր հիմնախնդիրները, հավելել է նախագահ Հարությունյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը