Գյումրիի «Միտ» կրթական կենտրոնը ԱԹՍ-ների նոր՝ նաև ռազմական նշանակության տարբերակներ է ստեղծում

21-ամյա Նոյ Ադամյանն արդեն 5 տարի անօդաչու թռչող սարքերի նախագծմամբ ու կառավարմամբ է զբաղվում Գյումրիում գործող «Միտ» կրթական կենտրոնում։

44-օրյա պատերազմի օրերին նորակոչիկ լինելով՝ Ադամյանն անձամբ է տեսել, թե ինչ կարևորություն ունեն անօդաչուները և զորացրվելուց հետո որոշել է կատարելագործել գիտելիքներն այդ ուղղությամբ։

«Տեսա, որ թռչող սարքերը ինչ-որ խնդիրներ են կարողանում լուծել պատերազմական ժամանակ, որոշեցի ավելի շատ խորանալ այս ոլորտի մեջ ու այն տիպի թռչող սարքեր պատրաստեմ, որ մեր երկրին օգուտ տա», - «Ազատությանն» ասաց նա։

Մոդելներից մեկն ամենաշատը 15 օրում կարող է պատրաստել ու օդ բարձրացնել։ Այն առայժմ բեռ տեղափոխելու համար է նախատեսված, բայց, ըստ Ադամյանի՝ կարող է նաև ռազմական նպատակով օգտագործվել. - «Միայն պահանջվում է, որ ռումբը տեղադրվի վրան, ու ինքն արդեն դառնում է ռազմական նշանակության։ Բոլորը կարող են ծառայել դրան»։

Անօդաչուների երիտասարդ մասնագետը նույն մոդելից ավելի մեծը ստանալու ու այն մարդատար դարձնելու մտադրություն ունի. - «Պատրաստում ենք սրան մարդատար սարքել, որ գոնե մի 15-20 րոպե օդում պահի իրեն»։

Ադամյանը անօդաչուի նոր մոդել է նաև փորձարկում։ Արտաքինից ռումբի նմանվող սարքը տպել է եռաչափ տպիչով, ապա հավաքել ու օդ բարձրացրել. - «Տեսել էի՝ իսրայելական բանակը մի հատ էս տիպի թռչող սարք էր ստեղծել, որ ինքը այս տիպի շարժիչներով չէր, հատուկ մատոռներով էր հավաքած, բարձր արագություն էր զարգացնում՝ մոտ 200 կմ/ժամ արագությամբ սլանում էր առաջ։ Ես որոշեցի սրա փոքրը սարքեմ, հետո արդեն սրա մեծը»։

Մոդելավորողը պլանավորում է մեծ տարբերակը նաև Պաշտպանության նախարարություն ներկայացնել, կարծում է՝ կհետարքրքրի։

«Երբ որ ստանանք սրա մեծ տարբերակը, կառաջարկենք Պաշտպանության նախարարությանը, նայենք՝ ինչ կասեն, ինձ թվում է՝ հավանության կարժանանք, որովհետև համ հեշտ է այն օգտագործելը զինվորի համար էլ»։

«Միտ» կրթական կենտրոնը Գյումրիում գործում է արդեն 7 տարի։ Այստեղ հիմա հարյուրավոր երեխաներ սովորում են իրենց ձեռքով անօդաչու թռչող սարքեր պատրաստել ու կառավարել։ Կենտրոնի տարածքն արդեն չի տեղավորում այցելել ցանկացողներին։ Կենտրոնի տնօրեն Խաչիկ Թադևոսյանը դպրոց կառուցելու գաղափար ու որոշակի միջոցներ ունի, բայց Գյումրիի քաղաքապետարանից մոտ մեկ տարի է պահանջվել տարածք տրամադրելու համար։ Խաչիկ Թադևոսյանը վստահ է՝ նոր դպրոցի կառուցմամբ կրթական գործընթացն ավելի արդյունավետ կլինի։

«Կազմակերպում ենք այցեր գյուղեր, շրջաններ, որտեղ երեխաները հավաքվում են ու այս ոլորտի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում։ Հիմա արդյունավետությունը բարձրացնելու համար այդ երեխաներին կբերենք այստեղ, 10-15 օր պահելուց հետո իրենք գոնե թռչող սարքերի օպերատորներն արդեն պատրաստ կլինեն, չհաշված ավելի հետաքրքրություն կունենան բնագիտական գիտությունների ուղղությամբ շարունակելու», - նշեց նա։

Խաչիկ Թադևոսյանն ասում է՝ իրենց պատրաստած անօդաչուները կարող են օգտագործվել ոչ միայն պաշտպանական, այլև այլ, օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտում. - «Մի քանի տեսակ մոդել ունենք, որոնք, այս պահին չեմ կարող շատ մանրամասնել, բայց հավակնություն ունեն դառնալու շատ լուրջ գործիք թե գյուղատնտեսության մեջ, թե բժշկության մեջ, թե ռազմաարդյունաբերության։ Բավական ինովացիոն են, հեշտ կիրառելի են։ Ունենք նախատիպեր, որոնք աշխարհում դեռ չկան, նույնիսկ մոդելներ, որոնք Ավստրալիան նախատեսում է հինգ տարի հետո նոր ունենալ»։

Կենտրոնում հույս ունեն, որ նոր դպրոցը հնարավոր կլինի կառուցել մեկ տարվա ընթացքում։