Սահմանադրական իրականության ապահովման ոլորտում Հայաստանի ամենամեծ մարտահրավերները արտաքին անվտանգությունն են ու անառարկելիորեն վստահելի դատական համակարգը, Սահմանադրության օրվա առթիվ իր ուղերձում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ընդգծել է, որ խաղաղությունն է ինքնիշխանության և անվտանգության ամենավստահելի գործոնը։
«Խաղաղության օրակարգի իրագործումը երաշխավորված չէ այն պարզ պատճառով, որ կախված չէ միայն մեզնից, բայց որ մենք բոլոր լեգիտիմ ջանքերը պետք է գործադրենք խաղաղության հասնելու համար, նույնպես ակնհայտ է և աներկբա: Այս իմաստով՝ առանցքային են Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հասցեագրման պատշաճ մեխանիզմների ստեղծումը և Հայաստանի Հանրապետության՝ 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության ճանաչումը», - հայտարարել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ուղերձի զգալի մասը նվիրել է արդարադատությանը. ընդունելով, որ դատաիրավական համակարգը միշտ չէ պատշաճ արագությամբ ու արդյունավետությամբ արձագանքում իրավախախտումներին՝ վարչապետը պնդել է, որ այդ ոլորտում էական առաջընթաց կա, և բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ. - «Այսօր քաղաքական և տնտեսական բոլոր իրավունքները հասանելի են բոլոր մարդկանց, ինչպես վայել է ժողովրդավարության երկրին: Սա մի արդյունք է, որն այլևս չի նկատվում, որովհետև դարձել է սովորական, և այն, որ դարձել է սովորական, թերևս ամենամեծ արդյունքն է»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը նշում է Սահմանադրության օրը«Ոչ, համաձայն չեմ, առանց այն էլ կաշառք վերցնում են, հիմա էլ ավելացնում է, որ ի՞նչ։ 3 հազար դրամ թոշակ է ավելացրել, դատավորինը եռակի բարձրացրել է», - ասում է քաղաքացիներից մեկը, մյուսը՝ հավելում. - «Ամենավատ օրենքը եթե անգամ կատարվի, հարյուր անգամ ավելի լավ է, քան չկատարվող ամենալավ օրենքը»։
Այսօր Երևանի փողոցներում «Ազատությանը» հանդիպած քաղաքացիների մի մասը դատաիրավական համակարգում դրական փոփոխություններ տեսել էր, բայց դրանք էական առաջընթաց չէին համարում։
Ինչպես նախկին իշխանությունների օրոք, այնպես էլ հիմա քաղաքացիները դատաիրավական համակարգից արդարության հասնելու հույսեր չունեն, ասում է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը։
«Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ եթե մարդը հանցագործության զոհ է դարձել, ապա նորից, օրինակ՝ իր մեքենայի վրայից պահեստամաս են գողացել, ապա մարդը չի դիտարկում դատաիրավական համակարգը որպես այդ խնդիրը լուծելու արդյունավետ միջոց։ Սա գրեթե չի փոխվել վերջին տարիների ընթացքում», - նշեց նա։
Իր շնորհավորական ուղերձում Նիկոլ Փաշինյանը նաև պնդում է՝ այսօր որևէ անմեղ մարդ չի կարող մեղադրական վճռի արժանանալ, անհարկի ձերբակալվել կամ կալանավորվել: Իոաննիսյանը հակադարձում է՝ հակառակը վկայող բազմաթիվ դեպքեր կարելի է հիշել. - «Մեզ հայտնի են բազմաթիվ դեպքեր, միայն այս տարի մի քանի տասնյակ, եթե ոչ հարյուր դեպք, երբ ակնհայտ անմեղ անձինք ձերբակալվել են, օրինակ՝ նման դեպք տեղի ունեցավ հենց վարչապետի հետ կապված, երբ օրերս Վարուժան Ավետիսյանի որդին՝ Դավիթ Ավետիսյանը, վարչապետի հասցեին ինչ-որ արտահայտություններ հնչեցրեց և իրեն խուլիգանության հոդվածով մեղադրյալ ներգրավեցին, այն պայմաններում, երբ օրինակ՝ Ալեն Սիմոնյանը, որը շատ ավելի խուլիգանական, օրինակ՝ խուլիգանական արարք է դրսևորել՝ թքելով քաղաքացու դեմքին, այդպես էլ չդարձավ մեղադրյալ խուլիգանության գործով»։
«Ազատության» հարցերին այսօր պատասխանած քաղաքացիները հիմնականում ոչ իրատեսական էին համարում վարչապետի պնդումը, թե թե անմեղ մարդիկ այլևս չեն ազատազրկվում. - «Չի կարա տենց լինի, հնարավոր չի»։
«Տենց բան չկա, փողոցում քայլելուց կարող է կալանավորեն, տանեն», - ասում են նրանք։