Վճռաբեկ դատարանն այդպես էլ չի հրապարակում վճիռը, որով փաստացի կորոշվի Վանաձորի ավագանու գործել-չգործելու հարցը։ Այսօր դատարանից «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, թե հունիսի 20-ից մինչև երեկ տեխնիկական խնդիր են ունեցել ու հնարավոր չի եղել հրապարակել Վանաձորի ավագանու մասին դատարանի որոշումը։
Հենց այսօր, երբ տեխնիկական խնդիրն, ըստ պաշտոնական տեղեկատվության, կարծես շտկվել է, այս գործով զեկուցող դատավոր Մկոյանն է արձակուրդ գնացել։ Դատարանից տեղեկացնում են, որ օգոստոսի 1-ին կվերադառնա արձակուրդից ու միայն դրանից հետո որոշման հրապարակման օրվա մասին տեղեկություն կլինի։
«Հայտնում ենք, որ հունիսի 20-ից մինչև հուլիսի 3-ը Վճռաբեկ դատարանն սպասարկող «Դատական համակարգ» համակարգչային ծրագիրը չի գործել, ինչի պատճառով հնարավոր չի եղել իրականացնել որևէ գործողություն... Տեղեկացնում ենք նաև, որ վարչական գործով զեկուցող դատավոր Մկոյանը հուլիսի 4-ից մինչև օգոստոսի 1-ը գտնվում է ամենամյա հերթական արձակուրդում և վերջինիս վերադառնալուց հետո տվյալ գործով Վճռաբեկ դատարանի որոշման հրապարակման օրվա վերաբերյալ», - ասված է հայտարարությունում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վանաձորի ՏԻՄ-ի «աննախադեպ իրավիճակը հնարավոր չեղավ լուծել եղած օրենքներով». նոր ընտրություններ չնշանակվեցինՈւշագրավ է, որ դատարանը խոստանում է մոտ մեկ ամսից ոչ թե հետաձգված վճիռը հրապարակել, այլ դրա հրապարակման նոր օր նշանակել։ Պարզ չէ՝ արդյոք սա նոր հետաձգման պատճառ կլինի:
Ինչո՞ւ մյուս դատարաններն անարգել հրապարակում են իրենց վճիռներն ու տեխնիկական խնդիրն առաջացել է միայն վճռաբեկի համար հենց այն օրը, երբ դատարանը պիտի հրապարակեր արդեն մեկուկես տարի ձգձգված որոշումը՝ մերժո՞ւմ է «Լուսավոր Հայաստանի» հայցն ու Վանաձորի ավագանուն գործելու իրավունք տալիս, թե՞ դատարանները շարունակում են քննել 2021-ի վերջին տեղի ունեցած ավագանու ընտրությունների արդյունքները։ Ընդ որում՝ հունիսի 20-ից հետո վճռաբեկ դատարանը չորս որոշում է հրապարակել հենց դատարանի կայքէջում։
Դատարանից անպատասխան են թողել «Ազատության» հարցը՝ ինչն է խանգարել, որ Վանաձորի ավագանուն վերաբերող վճիռը ևս հրապարակեին կայքէջում, քանի դեռ անհնարին է տեղադրել այն դատական համակարգում։
Վանաձորի համար ճակատագրական այս որոշման բովանդակությունն անհայտ է։ Դատարանը հրաժարվել է որոշման տեքստ տրամադրել անգամ հայցվոր կողմին՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը։ 2021-ի դեկտեմբերին Վանաձորի ավագանու ընտրությունների արդյունքում «Լուսավոր Հայաստանը» որևէ մանդատ չունեցավ։ Կուսակցությունը, որ Վանաձորում ամենամեծ ընդդիմադիր ուժն էր, զրկվեց ավագանիում ունեցած տեղերից։ Դիմեց դատարան՝ համոզված, թե ընտրությունների արդյունքներով առնվազն մեկ մանդատ պետք է ունենար։ Դատարանը մերժեց՝ ընտրությունների արդյունքները թողեց անփոփոխ՝ շեշտելով, որ դատարանի որոշումը բողոքարկման ենթակա չէ։ Մինչդեռ «Լուսավորը» շարունակեց բողոքարկել։
Հենց այդ բողոքարկման գործընթացն է, որ ձգձգվում է արդեն մեկուկես տարի։ Ու քանի դեռ դատարաններն ընտրությունների արդյունքների վերաբերյալ վերջնական որոշում չունեն, Վանաձորի ավագանին դատարանի մեկ այլ որոշմամբ, արգելանքի տակ է՝ հերթական նիստեր գումարելու իրավունք չունի։
Ընդամենը երկու նիստ են անցկացրել, այն էլ՝ արտահերթ։ Օրերս Վանաձորում «Թրանսփարենսի ինթերնեյշընըլ» հակակոռուպցիոն կազմակերպության անցկացրած քննարկման ժամանակ ՏԻՄ փորձագետ Վարդինե Գրիգորյանը շեշտեց՝ դատարաններն ըստ էության շարունակում են արհեստականորեն ձգձգել գործընթացը՝ հնարավորություն չտալով տեղական ինքնակառավարման մարմիններին որոշումներ կայացնել։
«Հունիսի 2-ին վճռաբեկ դատարանը վերջապես պետք է որոշում կայացներ, օրինակ, կմերժեր ամենայն հավանականությամբ և կասեր, որ՝ այլևս նիստերի արգելք չկա, կարող եք ընտրել համայնքի ղեկավար: Այդ վճիռը չի կայացվում ու ստացվում է, որ արգելքն արհեստականորեն շարունակվում է նորից՝ օգտագործելով դատական համակարգը, վիճելի է, թե ով է օգտագործում: Կան դավադրության տարբեր տեսություններ, թե ում միջոցով է դա կատարվում, ում էր դա ձեռնտու, բայց փաստ է, որ մենք ունենք իրավիճակ, որտեղ տեղական ինքնակառավարման մարմինը չի ձևավորվում, պետք է ունենալ հնարավորություն ձևավորելու», - նշեց Գրիգորյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արկադի Փելեշյանը նշանակվեց Վանաձորի համայնքապետի պաշտոնակատարԻ՞նչ են անուն քաղաքական ուժերն այս ընթացքում։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, որ ընդամենը երկու տարի առաջ նախկին իշխանությունների թիմում էր, այսօր լիարժեք վայելում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աջակցությունը։ Արդեն մեկուկես տարի կալանքի տակ գտնվող նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի թիմակիցները լուռ են։ Ավագանու աշխատանքներն արգելանքի տակ առնելու հայցով դատարան դիմած «Լուսավոր Հայաստանն» էլ հորդորում է չմեղադրել իրենց։
Կուսակցության անդամ Արմեն Եղիազարյանը նույն քննարկման ժամանակ հորդորեց՝ քաղաքական շահարկումներ չանել ու ստեղծված իրավիճակն իրենց հետ չկապել։ Իշխանությունների հետ որևէ պայմանավորվածություն չունեն, պնդեց Եղիազարյանը։
«Ինչի՞ են այս բոլոր քաղաքական նշանակումները, փորձում են ինչ-որ պղտոր ջրում բան գտնել, նման բան չկա, պարզապես մենք փորձել ենք մեր իրավունքները վերականգնել», - ընդգծեց Եղիազարյանը:
Բացի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից մյուս ուժերը հայտարարում են, որ Վանաձորում քաղաքական ճգնաժամ կա ու այն լուծելու համար անհրաժեշտ են նոր, արտահերթ ընտրություններ։ Իշխող ուժը, մինչդեռ համարում է, որ ամեն ինչ կարգին է, համայնքում աշխատանքն ընթանում է առանց խոչընդոտների։