Իսրայելում, Թել Ավիվում անցորդների վար հարձակման հետևանքով առնվազն 8 մարդ է վիրավորվել, հայտնում է The Jerusalem Post-ը։
Սոցցանցերում տեղադրված տեսանյութերում երևում է, որ ավտոմեքենան դուրս գալով մայթ, հարվածում է մի քանի անցորդների, այնուհետև վարորդը դուրս գալով մեքենայից դանակով հարվածում է ևս մեկ մարդու։ Հարձակվողը սպանվել է։ Վիրավորներից մեկի վիճակը ծանր է գնահատվում։
Ըստ ոստիկանության՝ հարձակվողը պաղեստինցի էր, ում բուժման նպատակով թույլատրվել էր Արևտյան ափից գալ Իսրայել։ Նախնական վարկածով նա միայնակ է գործել, սակայն ոստիկանությունը մի քանի կասկածյալ է ձերբակալել։
Պաղեստինյան ռազմականացված «Համաս» շարժումը այս ահաբեկչական գործողությունը համարել է Ջենինում իսրայելական ուժերի «հանցագործության առաջին պատասխանը»։
Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ջենին քաղաքում իսրայելական ուժերը անցկացնում են ամենալայն գործողությունը վերջին տարիների ընթացքում։ Պաղեստինյան կողմը հաղորդել է, որ Ջենինում 10 մարդ է սպանվել։ Իսրայելական բանակը պնդում է, որ հակաահաբեկչական գործողություն է իրականացնում։