Համաշխարհային ճանաչման արժանացած և աշխարհի ամենահեղինակավոր բեմերում տասնյակ տարիներ հանդես եկած օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը վերջին տարիներին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավարն է և հենց իր իսկ մտահղացումների շնորհիվ օպերայինստուդայի խաղացանկը ոչ միայն ընդլայնվել է նորանոր պրեմիերաների շնորհիվ, այլև ոգևորել կոնսերվատորիայի ուսանողներին կամ նորավարտ շրջանավարտներին է'լ ավելի եռանդով և նվիրվածությամբ ընդգրկվել օպերային ստուդիայի ստեղծագործական աշխատանքերին։
Եվ ահա այսօր երեկոյան կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայում կրկին պրեմիերա է։ «Ազատության» հետ զրույցում Հասմիկ Պապյանն ասաց, որ հանդիսատեսի դատին կներկայացվի դեռ անցյալ տարի իրենց իրականացրած մեծ նախագիծը՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի հանրահայտ «Դոն Ժուան» օպերան. - «Շատ ուրախ ենք, որ նորից հնարավորություն ունենք կրկնելու «Դոն Ժուանը»։ Վերականգնելու, որովհետև անցյալ տարի սեպտեմբերին, ցավոք սրտի, համընկավ դժբախտ, տխուր օրերի հետ՝ Ջերմուկի դեպքերի հետ, և կարողացանք միայն երկու ներկայացում անել։ Հիմա հնարավորություն ունենք վերականգնելու, ևս երեք ներկայացում պիտի անենք։ Շատ ուրախ ենք։ Մեզ հետ համագործակցում է Հայաստանի պետական կամերային նվագախումբը, դիրիժորն է Հարություն Արզումանյանը։ Բոլորը շատ անշահախնդիր, բոլորը ուղղակի մեծ սիրով, նվիրումով աշխատում են։ Եվ մեր երեխաներին դուք պիտի գաք, տեսնեք, թե մենք ինչպիսի տաղանդներ ունենք, մեկը մեկից լավ, մեկը մեկից բացառիկ»։
Հարցին, թե ինչպես է դա բացատրում, Պապյանը պատասխանեց. - «Հողը ծնում է։ Հողը ծնում է տաղանդներ։ Ես ուրիշ բացատրություն չունեմ։ Իրենք ունեն բնածին տաղանդ, և ինձ համար չեք պատկերացնում ինչպիսի ուրախություն է, որ իմանալով հանդերձ, քաջ գիտակցելով, որ դասական վոկալով զբաղվելով իրենք չպիտի ունենան հրաշալի դղյյակներ, մեքենաներ՝ բացառությամբ մի քանիսի, ովքեր կկարողանան համաշխարհային կարիերա անել, միևնույն է այնքան են սիրում, որ... Հիմնականում և շատ-շատ մեծ թվով ունենք մարզերից, որ գալիս են. և' երիտասարդ, և' գեղեցիկ, և' կրթված, իրենց ընտանիքների ճրագը։ Դուք պիտի տեսնենք իրենց տատիկներին, որ գալիս են, իրենց մայրերին, թե ինչքան ուրախ են, որ իրենց երեխաները զբաղվում են դասական վոկալով»։
«Դոն ժուանը» կոնսերվատորիայի օպերային ստուդիայում կներկայացվի նաև հուլիսի 6-ին և 7-ին։
Երիտասարդ օպերային երգիչ, Դոն ժուանի դերակատարներից մեկը՝ Գառնիկ Եղիազարյանը, «Ազատության» հետ զրույցում նշեց, որ թե' ինքը, թե' իր ընկերները մեծ ոգևորությամբ են դեռ անցյալ տարվանից ներգրավվել այս օպերայի բեմադրության. - «Սա մեծ հնարավորություն էր մեզ համար։ Տիկին Պապյանը մեզ շատ օգնեց, մեծ հնարավորություն տվեց ու մեծ փորձ ձեռք բերեցինք այստեղ։ Մենք ունենք շատ-շատ երիտասարդներ, շատ ձայներ, շատ տաղանդներ, բայց ունենք մեկ տեղ։ Դրա համար խնդիրներ են առաջանում։ Անկեղծ ասած դժվար կլինի ապագայի մասին խոսելը, քանի որ ամեն ակնթարթ կյանքը կարող է փոխվել, չնեք կարող ասել ինչ կլինի»։
Հարցին, թե դրսում աշխատելու հրավերներ եթե ստանա, կընդունի՞, երիտասարդ երգիչն արձագանքեց. - «Միանշանակ։ Մեր գործն ա սա՝ անել, երգել, չարչարվել, ցույց տալ։ Վերջ ի վերջո, մեր հայրենիքն ենք ներկայացնելու»։
Օպերային այս բեմադրության մեջ ընդգրկված մեկ այլ օպերային երգչի՝ Միքայել Սարգսյանի համոզմանբ ևս այս ստեղծագործական աշխատանքն իրենց կատարելագործվելու լավ հնարավորությյուն է տալիս. - «Կատարելագործման շրջան է հիմա իմ մոտ, և իհարկե, ցանկությունը շատ մեծ է մասնակցելու մրցույթներին... Հնարավորությունները շատ մեծ են, ուղղակի քրտնաջան, ջանասեր աշխատանք է պետք կատարել։ Մեր գործը, մեր արվեստը այնպիսի ասպարեզ է, որտեղ պատասխանատվությունը շատ մեծ է։ Այս ներկայացումը իհարկե շատ մեծ փորձ է, կարելի է ասել՝ մեծ կապիտալ է»։
Երիտասարդ օպերային երգիչ Թովմաս Կարապետյանը հավելում է. - «Այն, ինչը հիմա ունենք, ժամանակին դրա մասին էլ հենց երազել ենք։ Առաջին-երկրորդ կուրսում մենք երազում էին, մտածում էին, պայքարում էին նրա համար, որ երգենք օպերային ստուդիայում, կամ երգենք էստեղ ինչ-որ օպերա։ Չէինք էլ պատկերացնում, որ էս օպերան կլինի «Դոն Ժուանը»։