Պայթյուն՝ Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի մոտ ավտոտնակում. նախաձեռնվել է քրեական վարույթ

Հիմնովին փլուզված երկու ավտոտնակ, վնասված 9 ավտոմեքենա և բազմաթիվ բնակարանների դռներ ու պատուհաններ։ Երևանի Կոմիտասի պողոտայի բակերից մեկն այսօր ռազմական գործողությունների թատերաբեմ էր հիշեցնում։ Երեկ ուշ երեկոյան ավտոտնակներից մեկում, նախնական տվյալներով՝ հեղուկ գազի արտահոսքից պայթյուն է եղել։ Ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել ավտոտնակի 78-ամյա սեփականատերը։

«Ոնց որ բոմբ տրաքեր», - ասաց բնակիչներից մեկը:

Պայթյունի վայրում կապույտ վառելիքի հոտը դեպքից ավելի քան 12 ժան անց էլ զգացվում էր։ Գիշերվանից տեղում քննչական գործողություններ են իրականացվում։ Ըստ իրավապահների նախնական վարկածի՝ քաղաքացին մուտք է գործել իր ավտոտնակ, որտեղ պահվել են հեղուկ գազի բալոններ, վառել է լույսը, ինչից հետո էլ եղել է պայթյունը։ «Այրվածքաբանության ազգային կենտրոնից» փոխանցեցին, որ տուժած տղամարդն այրվածքներով վերակենդանացման բաժանմունքում է, նրա կյանքին դեռ վտանգ է սպառնում։

Նկարահանումների ժամանակ դեպքի վայրում երկու գազի բալոն նկատեցինք։ Ավտոտնակի մոտ հավաքված անձինք չցանկացան խոսել տեսախցիկի առաջ, բայց պատմեցին, որ պայթյունից տուժած տղամարդը արհեստավոր է, գազի բալոնի գործ է անում։

Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ շրջանառելու, ծառայություններ մատուցելու հոդվածով, այս արարքը 3-ից 6 տարվա ազատազրկմամբ է պատժվում:

«Մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով որոշում է կայացվել դատապայթունատեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին։ Դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են քննչական և դատավարական անհետաձգելի միջոցառումներ», - հայտնում է ՔԿ-ն:

Արդյոք գազաբալոնների հետ աշխատանքը եղել է օրինական և արդյոք պատկան մարմինները տեղյակ են եղել բնակելի շենքի բակում պայթյունավտանգ գործունեության մասին:

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչականից պարզաբանեցին՝ իրենք ավտոտնակները վերահսկելու որևէ գործառույթ չունեն, դա քաղաքային իշխանությունների խնդիրն է։ Հենց քաղաքապետարանը պետք է արձանագրեր, որ ավտոտնակում արգելված գործունեություն են ծավալում։

Պարզաբանումների համար դիմել ենք Երևանի քաղաքապետարան, պատասխան առայժմ չկա։

«Ամեն տեսակ վնաս էլ կրել եմ, երևում ա էլի, մինչև անգամ ժամացույցները, վազերն էլ տրաքել են», - ներկայացրեց բնակիչներից մեկը:

Պայթյունի հետևանքով վնասված բնակարանների բնակիչներին էլ հետաքրքրում է՝ ինչպե՞ս և ո՞վ է փոխհատուցվելու իրենց վնասները։ Այս հարցը նույնպես ուղղել ենք քաղաքային իշխանություններին։ Մինչ այդ բնակիչները ստիպված են գիշերել առանց պատուհանների մնացած բնակարաններում։