Քրեական վարույթ՝ Երևանի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի մոտ ավտոտնակում պայթյունի փաստով

Լուսանկարը՝ Քննչական կոմիտեի

Երևանի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի մոտ ավտոտնակում երեկ երեկոյան տեղի ունեցած պայթյունի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, ձևավորվել է քննչական խումբ և կատարվում է նախաքննություն, հաղորդում է Քննչական կոմիտեն:

Երեկ ժամը 22։22 ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի տարածքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով առկա են փլուզումներ, կան տուժածներ, ասված է հաղորդագրությունում: Նույն օրը՝ ժամը 23:30, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության բրիգադը նշված շենքի բակից իրենց մոտ է տեղափոխել մի տղամարդու՝ ջերմային այրվածքներով և այրվածքային ծանր շոկով:

ՔԿ Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ «անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք»:

Անմիջապես կատարվել է դեպքի վայրի զննություն, նախնական տվյալներ են ստացվել այն մասին, որ Կոմիտասի 54/1 հասցեի բազմաբնակարան շենքին հարակից ավտոտնակներից մեկում գտնվել են հեղուկ գազի բալոններ, գազի սարքավորումներ։ Բալոններից մեկից տեղի է ունեցել գազի արտահոսք, իսկ պայթյունը, նախնական տվյալներով, առաջացել է քաղաքացու՝ իր ավտոտնակը մտնելուց և լուսավորության լամպը միացնելուց հետո։

Պայթյունի հետևանքով քաղաքացին ստացել է այրվածքներ և մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել բժշկական կենտրոն: Ուժգին պայթյունից վնասվել են նշված շենքի բակի կողմն ուղղված բնակարանների պատուհանների փեղկերը, ապակիները, նշված հատվածում առկա բետոնե կառուցվածքների որոշ հատվածներ: Շենքի բակում կայանված ավտոմեքենաներից մի քանիսը վնասվել և դեֆորմացվել են, շենքի մուտքերի դիմաց տեղակայված երկու ավտոտնակներ փլուզվել են գրեթե ամբողջությամբ, երրորդը՝ մասնակի։

Կատարվում են քննչական և դատավարական անհետաձգելի միջոցառումներ, քննիչները դեպքի վայրում կատարում են անհրաժեշտ գործողություններ, փոխանցում է Քննչական կոմիտեն: