Տանիքի նորոգումը նոր վնասներ է հասցրել բնակարանատերերին

Վանաձորում պետական ու համայնքային միջոցներով տանիքներ նորոգելիս անձրևաջրերը տներն են լցվել ու մեծ վնասներ հասցրել։ Քաղաքի երեք շենքերում հորդառատ անձրևներին բաց կտուրի տակ ստիպված են եղել մի քանի օր անցկացնել։

Դեմիրճյան 8 շենքի բնակիչներն ասում են՝ մի քանի գիշեր բաց աչքով են լուսացրել։

«Գիշերը տասերկուսին անձրևը որ սկսել ա, սաղ կրավաթով-բանով ցելաֆոն եմ գցել... Տան մեջ անձրև էր գալի», - ասաց շենքի բնակիչներից Էդգար Թավադյանը։

«Լրիվ էս պոլերը ջուր էր, տազիկներ էինք դրել», - հավելեց նրա հարևան Աստղիկ Ղազախեցյանը։

Համայնքապետարանի տվյալներով, Վանաձորի 1100 բազմաբնակարան շենքերի 70 տոկոսի տանիքները վատ վիճակում են։ Դեռ երկու տարի առաջ հաստատված այս սուբվենցիոն ծրագրով ընտրել են դրանցից 10-ը, վերանորոգման համար նախատեսել 200 միլիոն դրամ։ Մինչդեռ բնակիչներն ասում են՝ անցած տարիներին որոշակի լուծումներ էին գտել իրենց բնակարաններն անձրևաջրերից պաշտպանելու համար։ Անգամ որոշ բնակարաններ հիմնանորոգել ու իրենց տանիքն ամբողջովին փոխել էին՝ մետաղյա թիթեղներ էին տեղադրել՝ հնարավոր անձրևների ռիսկերը հաշվարկելով ու բնակարանները պաշտպանելով։

Թե ինչու նույնը չի արել շինարարության իրավունքը շահած «Կարսլեյթ» ընկերությունը, իրենց համար անհասկանալի է։

«Ասում եմ՝ դուք հեռախոսից չե՞ք օգտվում, բա չե՞ք տեսնում, որ ամբողջ օրը անձրև ա տալիս, ինչի՞ եք բացում ու բաց էլ թողնում», - դժգոհում է Էլֆրիդա Մելքոնյանը։

Ինչու՞ ամեն դեպքում հնարավոր չի եղել կանխել վնասը, աշխատանքն այնպես կազմակերպել, որ անձրևային օրերին շենքերի տանիքները բաց չմնան։ Շենքի վերջին հարկի բնակիչ էլֆրիդա Մելքոնյանը պնդում է՝ 16 օր անձրևի տակ էր. - «16 օր բաց ա էղել իմ տանիքը... Էս խոնավության մեջ ես ալերգիա եմ ձեռք բերել, հազ եմ ձեռք բերել, թոքաբորբ եմ ընկել... դեռ իմ հիվանդությունը չի անցկացել, ի՞նչ մեղք ունեի ես»։

«Կարսլեյթ» ընկերության շինարարներն ասում են՝ անձրևներն աննախադեպ շատ էին, ժամկետների մեջ էլ պետք էր տեղավորվել։

«Ժամանակացույց կա, ասինք, որ հասցնենք։ Դրա համար ենք շատ բան արել... Հըմի մաս-մաս քանդում ենք», - ասում է աշխղեկ Սարգիս Հարությունյանը՝ ընդունելով, որ վնաս հասցրել են բնակիչներին ու խոստանալով, որ իրենց ձեռքով կնորոգեն բնակարանների վնասված հատվածները. - «Ում մոտ ինչ վնասներ ունի, փորձելու ենք մեր ուժերով վերականգնենք, տենց հո չե՞նք թողալու իրանց վնասված վիճակում»։

Շինարարները նաև մատնացույց են անում, որ տանիքներում չնախատեսված քանակի աղբ կար կուտակված։ Մինչև հնարավոր է եղել դրանք մաքրել աշխատանքը լիարժեք կատարելու համար, չեն կարողացել ժամանակին տեղադրել տանիքը. - «Տունը ռեմոնտ ա արել, ունիտազից ու կրասկի ամանից, էսիմ ընչից էլ բարձրացրել վերև սաղ։ Մուսըրը որ չըլներ, մենք նոր էինք արել պրծել...»

Անձրևներից տուժած բնակիչները թեև համայնքապետարանից էլ հավաստիացումներ են ստացել, թե շինարարն իր միջոցներով կվերականգնի հասցված վնասը, թերահավատ են՝ արդյո՞ք խնամքով կանեն գործը, քանի դեռ համոզված չեն, թե իրենց կտուրն ապահով է լինելու և նոր խնդիրների առաջ չեն կանգնելու։

Երկու տարի առաջ նույն խնդրին Ալավերդիում էին բախվել։ Պետական ու համայնքային միջոցներով տանիքներ վերանորոգելիս մեծ վնասներ կրեցին ոչ միայն վերջին, այլև ներքևի հարկերի բնակիչները։ Համայնքապետարանը վստահեցրել էր, թե շինարարին չեն վճարի գումարները, քանի դեռ չեն վերականգնի բնակարանների վնասները։ Այսօր տեղեկացանք, որ յուրաքանչյուր բնակարանին հասցրած խոշոր վնասի դիմաց 50-150 հազար դրամ են վճարել։ Բնակիչներից որևէ մեկը չի կարողացել այդ գումարով վերանորոգել իր բնակարանը։