Ինչի՞ց են մահացել տղաները, ինչո՞ւ չեն փախել. Ազատի կացարանում զոհվածների ծնողների հարցերը 6 ամիս անց միայն խորացել են

Ազատի զինվորական կացարանում մի գիշերում մոխրացած 15 զինվորների ծնողների ձեռքում վերջերս հայտնվել է մի հեռախոսային ձայնագրություն. օրապահ զինծառայողը վաշտը ղեկավարող զինվորականներից մեկին զեկուցում է հրդեհի մասին: «Ինչ հանգիստ է լսում պատասխանատու զինվորականը», - ապշած է զոհված զինծառայողներից Միշա Դումիկյանի հայրը։

«Ոնց որ սպասելիս լինեն, ոնց որ սովորական էլի», - ասաց Կարեն Դումիկյանը:

Զոհվածներից Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանն էլ նշեց. «Ո՞վ է պատասխանատուն, այսինքն, ո՞վ է պատասխանատուն, էդ պետք է լիներ իրա մինիմում 10-րդ հարցը: Ո՛չ խուճապ, ո՛չ բան»:

Հունվարի 19- ի գիշերը՝ 1:12-ին է այս զանգը եղել՝ կրակն արդեն ամբողջությամբ տարածված, 15 զինվորները ներսում:

«30 րոպեի ընթացքում էդ մակարդակի հրդեհ առաջանալու համար խիստ կասկածելի է», - ասաց Զոհված զինծառայողների ծնողների փաստաբան Նորայր Նորիկյանը:

Ծնողների փաստաբանը վստահ է՝ սպա Եղիշե Հակոբյանի մի սուրճի բաժակի չափով բենզինը վառարանի կրակի վրա լցնելը չէր կարող այսպիսի ողբերգության պատճառ դառնալ: Ըստ փորձաքննության, 15 զինծառայողների մահվան պատճառը շմոլ գազն ու այրվածքային շոկն են։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ազատի կացարանի հրդեհի գործը քննող իրավապահները «չեն ցանկանում մեղավորներին զորամասային օղակից վերև փնտրել». փաստաբանԱզատում հրդեհից զոհված զինվորների ծնողները հանդիպեցին վարչապետ Փաշինյանին«Մնում է փողոց փակենք, որ ուշադրության արժանանանք». Ազատում հրդեհից զոհված զինվորի հարազատ

Այս ողբերգությունից շուրջ 6 ամիս անց հարցերը, կասկածները, անվստահությունը քննություն իրականացնողների նկատմամաբ միայն խորացել են: Ինչի՞ց են մահացել տղաները, ինչո՞ւ դուրս չեն փախել հրդեհվող կացարանից. զոհված զինծառայողների ծնողները 4 օր առաջ վարչապետ Փաշինյանի հետ հանդիպեցին, ասում են՝ «հեռացանք հիասթափված»:

«Ցրում ա. բառացիորեն մարդու ռեալ հարցը տաս, ինքը ուրիշ բան ա ասում, ես զարմանում եմ, էդ հարցը ո՞նց կարելի ա չհասկանալ», - ասաց զոհվածներից Հայկ Կիրակոսյանի հայրը:

Վարչապետի հետ երկու ամիս առաջ էլ էին հանդիպել, ծնողներն ասում են՝ այդ ժամանակ իրենց խնդրել են սպասել, այս մի հանդիպմանը գնացել էին այն հույսով, որ ի վերջո կստանան իրենց հարցերի պատասխանները, բայց լսել են պաշտոնական վարկածով հրդեհի գլխավոր գործող անձի՝ Եղիշե Հակոբյանի ցուցմունքի ընթերցանությունը:

Հանդիպումը փակ է եղել, պայմանով, որ դրան փաստաբանն էլ չմասնակցի: Նոր հանդիպման ցանկություն ծնողները չունեն՝ իրենց ընկալմամբ հանդիպման ցանկություն վարչապետն էլ չունի, ասել է՝ «գործը դատարան կմտնի, այնտեղ էլ ձեր մտահոգությունները կփարատվեն»:

Ըստ փաստաբանի՝ Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով դատաբժշկական նոր փորձաքննություն է նշանակվել

Փաստաբան Նորայր Նորիկյանի տեղեկացմամբ՝ դատաբժշկական նոր փորձաքննություն է նշանակվել, նաև չեն ավարտվել հրդեհատեխնիկական փորձաքննությունները։ ենթադրում է՝ այս ամիս եզրակացությունները պատրաստ կլինեն ու գործը կմտնի դատարան: Ըստ Նորիկյանի, այլ վարկածներ այդպես էլ չքննվեցին, ուժի մեջ մնաց այն, ինչ դեպքի օրը հայտարարեց վարչապետը՝ սպան բենզինով փորձել է թեժացնել վառարանի կրակը ու հրդեհ է բռնկվել։

Փաստաբանը ծնողների հետ իրենց հետաքննությունն են արել, բացառում են, որ թեկուզ այդ կես ժամում տղաները հրդեհից փրկվելու փորձ չանեին, էլի են պնդում՝ իրավապահներն ի սկզբանե այլ վարկածներ չդիտարկեցին, իսկ դրանք քիչ չէին. - «Կարող էր լինել ինչպես դիվերսիան, այնպես էլ ուղղակի դիտավորությամբ այս հանցագործությունը կատարելը, որը կարող էր կապված լինել դիզվառելիքի առևտրի, ռազմամթերքի հնարավոր վաճառքի, պետական դավաճանության, հակառակորդի հետ գաղտնի հաղորդակցության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ»:

Ինչո՞ւ էին ինժեներասակրավորային վաշտի զինվորներին տեղավորել Ազատ գյուղի մի խարխուլ լքված տանը, որ փոքր-ինչ բարեկարգվել էր ծնողների ջանքերով, ո՞վ էր այդ որոշումը կայացրել, փաստաբանի ու ծնողների այս հարցը դեռ անպատասխան է:

«Կան պաշտոնյաներ, որոնք դուրս են մնացել քրեական հետապնդման գործընթացից», - ասաց Նորիկյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Իր վարկածը թող հիմնավորի»․ Ազատի կացարանում զոհվածների հարազատներն այսօր կհանդիպեն վարչապետի հետ15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով գլխավոր մեղադրյալ կապիտանը կալանավորվել է«Շմոլ գազից և այրվածքային շոկից»․ ստացվել է Ազատի զորամասի 8 զինվորների դիակների փորձաքննության եզրակացությունները

Ազատի ողբերգական հրդեհի գործով մեղադրյալները 5-ն են. Քննչական կոմիտեից տեղեկացանք՝ նրանցից 3-ը այժմ կալանքի տակ են, 2-ի խափանման միջոցը բացակայելու արգելքն է։

Հակահրդեհային կանոնների պահպանման պատասխանատու զինվորականներ են և կրակը բորբոքած սպա Եղիշե Հակոբյանը, վերջինիս փաստաբանի հարցերը նույնն են՝ ինչի՞ց են մահացել տղաները, ինչո՞ւ չեն փախել. - «15 հոգի միաժամանակ ո՞նց կարող էին մահանալ, առնվազն պետք է վայրկյանական փչեր էդ շմոլ գազը կացարանի մեջ, որ էդ մարդիկ չկարողանային շարժվել»:

Սպան արդեն 4 ամիս է՝ կալանավորված է, միայն ցուցմունք է տվել, ոչ մի առերեսում, քննչական այլ գործողություն չի կատարվել, շեշտում է նրա փաստաբանը: Հովսեփ Սարգսյանի դիտարկմամբ՝ վարույթն իրականացնողները միայն մեկ նպատակ ունեն՝ հաստատել այն, ինչ հնչել է հրդեհի օրը՝ հունվարի 19-ին։

«Նախաքննությունը սկսվել է 2023 թվականի հունվարի 19-ին, նախաքննությունը ավարտվել է 2023 թվականի հունվարի 19-ին կառավարության նիստում, վերջ», - ընդգծեց նա: