Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն գերատեսչության բարձրաստիճան ղեկավարների հետ հեռավար կարգով անցկացրած ժողովի ընթացքում ասել է, որ հունիսին վիճակը երկրում ապակայունացնելու փորձը ձախողվել է նախևառաջ զինվորական երդմանը և զինվորական պարտքին զինծառայողների հավատարմության շնորհիվ:
«Չեմ կարող շրջանցել մեկ հարց, որին արդեն սպառիչ պատասխաններ է տվել մեր գերագույն գլխավոր հրամանատարը [ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը]: Խոսքը հունիսի 23-25-ին Ռուսաստանում իրավիճակն ապակայունացնելու փորձի մասին է: Այդ ծրագրերը ձախողվեցին, որովհետև մեր զինված ուժերի անձնակազմն իր հավատարմությունը ցուցաբերեց երդմանը և զինվորական պարտքին: Շնորհակալություն եմ հայտնում բարեխիղճ ծառայության համար»,- ասել է Շոյգուն:
Նրա խոսքով, ձախողված խռովության ընթացքում զորքերի միավորումները և զինծառայողները շարունակել են խիզախորեն և անձնուրաց լուծել իրենց առջև դրված մարտական խնդիրները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հակաահաբեկչական գործողություններ Ռուսաստանում. Կրեմլը մեղադրում է Պրիգոժինին ռազմական հեղաշրջման մեջՇոյգուի ելույթի մասին հաղորդագրությունում ռուսական լրատվամիջոցները չեն նշում, թե արդյո՞ք նախարարը խոսել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի և Ուկրաինայում ռուսական ուժերի փոխհրամանատար Սերգեյ Սուրովիկինի մասին, որոնց վերաբերյալ տեղեկություններ վերջին օրերին չեն հաղորդվել:
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր և ղեկավար Եվգենի Պրիգոժինի անցած շաբաթավերջին խռովություն կազմակերպելու ձախողումից հետո այդ երկու բարձրաստիճան զորավարների մասին տեղեկություններ չեն հրապարակվում: Որոշ չհաստատված լուրերի համաձայն, Սուրովիկինը կարող է ձերբակալված լինել:
Կրեմլը հերքում է նմանօրինակ լուրերը և կոչ է անում վստահել միայն պաշտոնական աղբյուրներին: