Արցախի Պաշտպանության բանակը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հերթական հաղորդագրությունը հայկական կողմից կրակոցների մասին:
Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պնդում է, թե այսօր ժամը 10:40-11:40-ը ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել Ասկերանի շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
«Ադրբեջանի ՊՆ-ը նաև հերթական կեղծ պնդումն է տարածել՝ նույն ուղղությամբ իր կողմից իբր թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին», - ասված է հաղորդագրությունում:
Երեկոյան Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդեց Ադրբեջանի զինուժի կողմից հրադադարի խախտման մասին: Ըստ այդմ՝ այսօր ժամը 15:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի շրջանի ուղղությամբ կիրառել է հրաձգային զենք և 60 մմ տրամաչափի ականանետ։ Հայկական կողմում տուժածներ չկան։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ադրբեջանական կողմն այս հաղորդումը չի մեկնաբանել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը և Ստեփանակերտը հերքում են հրադադարի խախտումների մասին Բաքվի հաղորդումը