Ռուսները պնդում են, թե կանխել են Ղրիմի «ղեկավար» Ակսյոնովի մահափորձը

Բռնակցված Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնով, արխիվ

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) պնդում է, որ կանխել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովի մահափորձը:

Ըստ Անվտանգության դաշնային ծառայության, Ակսյոնովին, իբր, պետք է հեռավար ռումբով ոչնչացներ Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված մի ռուսաստանցի, ով արդեն խոստովանական ցուցմունքներ է տվել:

ԱԴԾ-ի տարածած տեսանյութում այդ անձը փոխանցում է, որ պետք է ռումբ տեղադրեր մի մեքենայի մեջ և այն ազդանշանով պայթեցներ, երբ կողքով կանցներ Ակսյոնովի ավտոշարասյունը:

Կիևն այդ հաղորդագրությանը չի արձագանքել: Անցած ամիսներին ռուսական կողմը հաղորդել է, թե վերջերս կալանավորվել են Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ, ովքեր ահաբեկչական գործողություններ են ծրագրել:

Ակսյոնովը Մոսկվայի կողմից բռնակցված Ղրիմի ղեկավար է նշանակվել 2014 թվականի ապրիլից: Նա Ռուսաստանում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության գերագույն խորհրդի բյուրոյի անդամ է: