«Ուկրաինական հակահարձակումը սպասվածից դանդաղ է ընթանում, սակայն դա է ցանկացած պատերազմի բնույթը», - հայտարարել է Միացյալ Նահանգների Զինված ուժերի միասնական շտաբի ղեկավար գեներալ Մարկ Միլին՝ ուրբաթ օրը երեկոյան ելույթ ունենալով Վաշինգտոնի Ազգային մամուլի ակումբում։
«Այն, որ ուկրաինական հակահարձակումը սպասվածից դանդաղ է ընթանում, ինձ ամենևին էլ չի զարմացնում։ Պետք է սակայն նկատել, որ ուկրաինացիներն ամեն օր առաջխաղացում են արձանագրում՝ մի օր 500 մետր, մի օր՝ հազար, մի օր՝ 200։ Իմ կարծիքով՝ այս ամենը կարող է տևել ևս վեց, ութ, նույնիսկ տասը շաբաթ։ Դա շատ դժվար և արյունալի է լինելու և թող որևէ մեկը այս հարցում պատրանքներ չունենա։ Ուկրաինացիները գոյաբանական կռիվ են մղում շատ նշանակի մի երկրի դեմ, որի տարածքը 9 ժամային գոտի է ընդգրկում, որը 140 միլիոն բնակչության և շատ զենք ունի», - հայտարարում էր ամերիկյան բանակի հրամանատարը։