Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար Ջեյմս Օ-Բրայենի հետ քննարկել է տարածաշրջանում և միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացները, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր, հայտնում են կառավարությունից։
Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, հայ-ադրբեջանական սահմանին և ԼՂ-ի հետ շփման գծում Ադրբեջանի գործողություններին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների ընթացքին, ինչպես նաև հայ-թուրքական գործընթացին վերաբերող հարցեր:
Վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման դինամիկ բնույթից և ընդգծել ԱՄՆ վարչակազմի աջակցությունը՝ երկրում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման գործում:
Երևանում ԱՄՆ դեսպանատնից ավելի վաղ փոխանցել էին, որ Հայաստան կատարած այցի ընթացքում դեսպան Օ՛Բրայենը կհանդիպի ՀՀ բարձաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետի հետ՝ քննարկելու ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում համագործակցության հարցերը և իր գնահատանքը հայտնելու ԱՄՆ պատժամիջոցների ապահովման հայաստանյան հանձնառության վերաբերյալ։
Պաշտոնյան ավելի վաղ Թբիլիսի էր այցելել։