Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը երեկ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել շարունակել առաջ շարժվել դեպի խաղաղություն:
«Ուրախ էինք այսօր Սպիտակ տանը միասին հյուրընկալել Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին։ Ես կոչ արեցի Հայաստանին և Ադրբեջանին շարունակել առաջ շարժվել դեպի խաղաղություն, ինչպես նաև խուսափել սադրանքներից և թուլացնել լարվածությունը՝ վստահություն ձևավորելու համար», - Թվիթերում գրել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։
Հայաստանի արտգործնախարարությունը հանդիպման մասին հաղորդել է, որ «անդրադառնալով ԼՂ-ում Ադրբեջանի հերթական ագրեսիվ գործողությանը, որի արդյունքում ԼՂ ՊԲ-ն ունեցել է չորս զոհ՝ Միրզոյանը շեշտել է, որ նման գործողությունները միտված են խաթարել բանակցային գործընթացին ուղղված ջանքերը, և ընդգծել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառման հրամայականը»:
«Այդ գործողությունը տեղի է ունենում Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, ԼՂ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման՝ Ադրբեջանի կողմից միտումնավոր խափանումներին զուգահեռ, ինչը միտված է Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտման ենթարկելուն», - ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնում կայացել է Միրզոյան-Բայրամով-Սալիվան եռակողմ հանդիպումը