Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը:
Արցախի նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ Հարությունյանը շեշտել է, որ Արցախի և ժողովրդի դեմ շարունակվող ադրբեջանական ագրեսիան և բռնաճնշումները հակասում են խնդիրները խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու՝ միջազգային հանրության կոչերին և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին և չեն կարող նպաստել տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը: Նախագահն ընդգծել է Արցախի մշտական պատրաստակամությունը խաղաղ կերպով լուծելու առկա հիմնախնդիրները և զերծ մնալու փխրուն իրավիճակի լարումից:
Ադրբեջանի հետ շփման գծում տիրող օպերատիվ իրավիճակի մասին զեկուցումով հանդես է եկել պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը:
Խորհրդակցության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են անցած գիշեր զոհված ՊԲ չորս զինծառայողների հիշատակը:
Գիշերը արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած կրակոցների հետևանքով հայկական կողմում 4 զինծառայող է զոհվել։ Պաշտպանության բանակն այսօր առավոտյան հրապարակեց նրանց անունները՝ առանց նշելու տարիքը։ Ռազմական գերատեսչության հաղորդմամբ, Ադրբեջանի զինուժը հրետանային միջոցներից կրակ է բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառել նաև անօդաչու թռչող սարքեր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած կրակոցների հետևանքով հայկական կողմում 4 զինծառայող է զոհվել