Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը ներկայացրել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը:
Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու, ինչպես նաև բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու հրամայականը:
Միրզոյանն ու Բլինքենը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հարցեր։
«Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի ապահովումը՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի և 1975թ. քարտեզի վրա, սահմանից զորքերի հետքաշումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի պատշաճ հասցեագրումը՝ որպես տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման կարևոր գործոն», - հայտնում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Զրուցակիցները, ըստ հաղորդագրության, մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերի շուրջ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնում մեկնարկել են հայ-ադրբեջանական բանակցությունները