Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Կրեմլի համալիրի Մայր տաճարի (Սոբորնայա) հրապարակում դիմել է Պաշտպանության նախարարության, Ռոսգվարդիայի, Անվտանգության դաշնային ծառայության, Պաշտպանության դաշնային ծառայության զինծառայողներին և շնորհակալություն է հայտնել հունիսի 24-ին զինված հեղաշրջումը կանխելու համար:
«Դուք պաշտպանել եք սահմանադրական կարգը, մեր քաղաքացիների կյանքը, անվտանգությունը և ազատությունը, հայրենիքը պաշտպանել եք ցնցումներից և, փաստորեն, կանգնեցրել եք քաղաքացիական պատերազմը», - հայտարարել է Պուտինը:
Նրա խոսքով, զինծառայողները և հատուկ ուժերի ծառայողները մարտական ընկերների հետ միասին փակել են խռովության ճանապարհը, որն անխուսափելիորեն կհանգեցներ քաոսի:
«Բարդ իրավիճակում դուք հստակ և համակարգված եք գործել և ապացուցել եք ձեր հավատարմությունը Ռուսաստանի ժողովրդին և զինվորական երդմանը, պատասխանատվություն եք դրսևորել հայրենիքի և նրա ապագայի համար», - ասել է Ռուսաստանի ղեկավարը:
Պուտինը նաև խոսել է խռովարարների կողմից խոցված օդանավերի և ուղղաթիռների, զոհված անձնակազմերի մասին և ասել, թե նրանք չեն ընկրկել ու պատվով են կատարել իրենց զինվորական պարտքը: Ներկաները լռության րոպեով հարգանքի տուրք են մատուցել զոհված զինծառայողների հիշատակին:
Նախագահի ելույթը հրապարակում ավարտվել է Ռուսաստանի օրհներգով և Պատվո պահակախմբի արձակած համազարկերով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հակաահաբեկչական գործողություններ Ռուսաստանում. Կրեմլը մեղադրում է Պրիգոժինին ռազմական հեղաշրջման մեջ