ԱՄՆ-ում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները կշարունակվեն մինչև հունիսի 29-ը, հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
«Մենք ակնկալում ենք, որ բանակցությունները կսկսվեն երեքշաբթի և կշարունակվեն մինչև հինգշաբթի։ Պետքարտուղար Բլինքենը կհանդիպի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի արտգործնախարարների հետ», - նշել է Միլլերը:
«Մենք շարունակում ենք հավատալ, որ խաղաղությունը հասանելի է, և ուղիղ երկխոսությունը մնացած հարցերի լուծման բանալին է՝ կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար», - ընդգծել է Պետդեպարտամենտի խոսնակը՝ հավելելով, որ շատ զգայուն դիվանագիտական քննարկումներ են տեղի ունենալու, և շաբաթվա ընթացքում ավելի շատ մանրամասներ կլինեն:
Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի ժամանակացույցի համաձայն՝ Վաշինգտոնին մերձակա Արլինգթոնի Ջորջ Շուլցի անվան կենտրոնում Էնթոնի Բլինքենը նախ կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ՝ Երևանի ժամով ժամը 16:45, 40 րոպե անց նախատեսված է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումը: Նույն կենտրոնում Երևանի ժամանակով ժամը 18-ին ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների լիագումար նիստը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ում այսօր մեկնարկում են Միրզոյանի և Բայրամովի բանակցությունները՝ Բլինքենի միջնորդությամբ