Մոսկվայում, Մոսկվայի և Վորոնեժի մարզերում չեղարկվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմը։
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ հունիսի 26-ին ժամը 9-ից Մոսկվայի մարզի տարածքում գործող ժամանակավոր սահմանափակումները հանվել են։ «Ներկայումս իրավիճակը Մերձմոսկովյան շրջանի տարածքում կայուն է», - հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ օպերատիվ շտաբին հղումով։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ Ռուսաստանի մայրաքաղաքում չեղարկվել են հակաահաբեկչական գործողության ռեժիմի հետ կապված բոլոր սահմանափակումները։ Նրա խոսքով՝ դպրոցականների ավարտական միջոցառումները, որոնք պետք է տեղի ունենային հունիսի 24-ին, կկայանան հուլիսի 1-ին։
Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը ևս հայտարարել է մարզում հակաահաբեկչական գործողության ռեժիմի վերացման մասին։
Մոսկվայում, Մոսկվայի և Վորոնեժի մարզերում հակաահաբեկչական գործողության ռեժիմը սահմանվել էր հունիսի 24-ի առավոտյան, երբ «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարեց, որ վերահսկողության տակ են վերցրել Դոնի Ռոստովում գտնվող ռազմական օբյեկտները և որոշել են հասնել Մոսկվա:
Պրիգոժինը մեղադրել էր Ռուսաստանի Դաշնության ռազմական ղեկավարությանը, այդ թվում՝ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և Գլխավոր շտաբի պետ Գերասիմովին, «ռուս ժողովրդի ցեղասպանության» և Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական արշավի ձախողման մեջ ու հայտարարել «արդարության երթի» մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Վագների» շարասյունը լքել է Դոնի Ռոստովը, Վորոնեժը (լրացված)Հակաահաբեկչական գործողություններ Ռուսաստանում. Կրեմլը մեղադրում է Պրիգոժինին ռազմական հեղաշրջման մեջԱնվտանգության աննախադեպ միջոցառումներ Ռուսաստանում. Կրեմլը մեղադրում է Պրիգոժինին ռազմական հեղաշրջման մեջ