Վերականգնվել է ԿԽՄԿ-ի կողմից բուժառուների տեղափոխումը Հայաստանի ԲԿ-ներ

Արցախից 15 բուժառու՝ 9 ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակի միջնորդությամբ և ուղեկցությամբ, տեղափոխվել են Հայաստանի բժշկական կենտրոններ՝ տասնօրյա լիակատար արգելափակումից հետո, հայտնում են Արցախից։

Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 16 բուժառուների (ուղեկցողների հետ միասին), ովքեր պետական պատվերի շրջանակներում ժամանակին ուղեգրվել էին ՀՀ բուժում ստանալու համար, ինչպես նաև Արցախ տեղափոխել հրատապ անհրաժեշտության դեղորայք և բժշկական պարագաներ։

Առողջապահության նախարարությունը նշում է, որ դեռևս բազմաթիվ բուժառուներ սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստան և Արցախ վերադարձին:

Այս պահի դրությամբ «Արևիկ» բուժմիավորումում 4 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» 8 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։