Արցախը ողջունում է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կողմից երեք օր առաջ ընդունված «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը։
Բանաձևը կոչ է անում Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ինչպես նաև անհապաղ ՄԻԵԴ-ի կողմից կիրառված միջանկյալ միջոցները և Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։
«Ճանաչելով 2020 թվականին Ադրբեջանի կողմից ուժի կիրառման փաստը` Լաչինի միջանցքի արգելափակմանն ուղղված Բաքվի միակողմանի գործողությունները, որոնք հանգեցրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված իրավունքների ոտնահարմանը, ԵԽԽՎ-ն առաջին անգամ արձանագրում է Ադրբեջանի կողմից ԵԽ-ի նկատմամբ իր կանոնադրական և կոնվենցիոն պարտավորությունների, ինչպես նաև կազմակերպությանն անդամակցության ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ ստանձնած հանձնառության խախտումը», - հայտարարել է Արցախի արտգործնախարարությունը:
Պաշտոնական Ստեփանակերտը կարևորում է նաև Վեհաժողովի եզրակացությունը, որ Ադրբեջանի կողմից ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել նրան, որ հայ բնակչությունը ստիպված կլինի լքել իրենց տները, եթե հակամարտությունը չլուծվի քաղաքական ճանապարհով։
«Ամբողջովին կիսում ենք բանաձևում արտահայտված մտահոգությունը՝ էթնիկ հայերի նկատմամբ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից օգտագործվող թշնամական և սպառնալից հռետորաբանության առնչությամբ։
Ընդգծում ենք միջազգային մեխանիզմների կիրառմամբ Ստեփանակերտի և Բաքվի միջև խաղաղ երկխոսություն սկսելու վերաբերյալ բանաձևում հնչեցված կոչերը», - ասված է հաղորդագրության մեջ, որով նաև վերահաստատվում է Արցախի իշխանությունների դիրքորոշումը խաղաղ բանակցությունների միջոցով Ադրբեջանի հետ հակամարտության արդարացի, արժանապատիվ և համապարփակ լուծում փնտրելու վերաբերյալ։
Արցախից կոչ են անում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին և Նախարարների կոմիտեին անհապաղ արձագանքել Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման անհերքելի փաստերին և հրատապ գործարկել կազմակերպության մեխանիզմները՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անհատական և հավաքական իրավունքների հետագա խախտումները կանխելու համար։