Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը այսօր հանդիպում է ունեցել Ադրբեջանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դրագանա Կոջիչի հետ։
Ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ պաշտոնյաները քննարկել են Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը։ Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության փոխանցմամբ՝ Բայրամովը Լաչինի միջանցքի ամբողջական փակման համար մեղադրել է Հայաստանին, պնդել, որ հայերը անարգել անցնում էին այդ ճանապարհով, ինչը, սակայն, «Հայաստանը չէր կարողանում մարսել և գնդակոծել է անցակետը, ինչն էլ խոչընդոտել է անվտանգ տեղաշարժին»։
Ադրբեջանի դիվանագիտության ղեկավարը հայտարարել է, որ այժմ անհրաժեշտ են երաշխիքներ Հայաստանից, որ «նման սադրանքներն ապագայում չեն կրկնվի»։
Բայրամովը նաև առաջարկել է Լեռնային Ղարաբաղի հայազգի բնակչությանը «օգնելու համար» օգտագործել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը։
Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամրջի մոտ իրավիճակը սրվեց շուրջ տասն օր առաջ, երբ Հայաստանի տարածքում Ադրբեջանի դրոշ տեղադրելու ադրբեջանցի սահմանապահների փորձը ձախողվեց հայկական կողմի միջամտությամբ։ Ադրբեջանն արգելում է նաև հումանիտար փոխադրումներն Արցախ։
Արցախն ամբողջական շրջափակման մեջ պահելուց մեկ շաբաթ անց ադրբեջանական կողմը հինգշաբթի օրն էլ Հակարիի կամրջի իր կողմում՝ անցակետից ոչ շատ հեռու, բետոնե արգելապատնեշներ է տեղադրել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արտասահմանյան դիվանագետներ են այցելել Հակարիի կամրջին գտնվող ադրբեջանական անցակետ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանն անցակետը վերածել է զրահատեխնիկայով, զինված անձնակազմով համալրված ռազմական հենակետի. Արցախի ԱԳՆ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը բետոնե արգելապատնեշով փակել է Լաչինի միջանցքը. Արցախի տեղեկատվական շտաբ