Ռուսաստանին պատժամիջոցները շրջանցելու հարցում չօգնելու Արևմուտքի պարբերական նախազգուշացումներից հետո Կառավարությունն անցած ամիս որոշեց խստացնել բազմաթիվ տեխնոլոգիական սարքերի արտահանման և տարանցիկ փոխադրման հսկողությունը։
Չհիշատակելով ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ պատժամիջոցների անունը գործադիրն այս շաբաթ էլ արտահանումը սահմանափակող մեկ այլ որոշում ընդունեց՝ վեցամսյա ժամկետով արգելելով մետաղական ջարդոնների և թափոնների դուրս բերումը Հայաստանից դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ և այլ երկրներ։
Նախագիծը մշակած Էկոնոմիկայի նախարարությունը որոշումը հիմնավորում է տեղական արտադրությունը զարգացնելու անհրաժեշտությամբ. «Հանդիսանալով Հայաստանի համար ռազմավարական արտադրանք՝ սև և գունավոր մետաղներից արտադրանքը կարևոր նշանակություն ունի երկրի պաշտպանունակության և պետական անվտանգության բարձրացման համար։ Այս տեսանկյունից կարևորվում է Հայաստանի մետաղագործական և մետաղամշակման ձեռնարկություններին հումքով ապահովելու հարցը, ինչն անհրաժեշտ է սև և գունավոր մետաղներից պատրաստի արտադրանք ստանալու համար»։
Կառավարությունը շեշտում է՝ հակառակ պարագայում տեղական արտադրողները ստիպված կլինեն այդ հումքը դրսից գնել՝ ավելի թանկ վճարելով։ Արդյունքում պատրաստի արտադրանքի ինքնարժեքն է բարձրանում ու դառնում ոչ մրցունակ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրամիության հակառուսական պատժամիջոցների ցանկում կան հայկական ընկերություններՎերջին տարիներին մետաղական ջարդոնների արտահանումը Հայաստանից ԵԱՏՄ երկրներ էականորեն մեծացել է, շարունակում է գործադիրը՝ պնդելով, որ եթե նման քայլի չգնան, մետաղագործական ոլորտում աշխատող Հայաստանի ավելի քան 30 ընկերություննները փաստի առաջ կկանգնեն։ Խոսքը, մասնավորապես, չուգունի, պղնձի, ալյումինի, նիկելի և այլ թափոնների մասին է։
Պաշտոնական վիճակագրությամբ՝ անցած տարի Հայաստանից 300 տոննա չուգուն է արտահանվել, 9000 տոննա երկաթի հալվածք։ 2021-ին 8100 տոննա երկաթի հալվածք է Հայաստանից դուրս գնացել, չուգունի արտահանման մասին, սակայն, որևէ տվյալ չկա։
Սակայն, կառավարության հրապարակած ցանկի ապրանքների զգալի մասի վերաբերյալ մանրամասն վիճակագրություն չկա, չկան տվյալներ, թե կոնկրետ որ երկիրը որքան մետաղի թափոն է ներկրել Հայաստանից։
Հայաստանի ամենախոշոր մետաղագործական ընկերություններից մեկի ղեկավար Գարի Պողոսյանն ասում է՝ մետաղական ջարդոնները նաև ռազմաարդյունաբերության մեջ են օգտագործվում։ Ոլորտում տասնամյակներ աշխատող գործարարը, սակայն, չի կարծում, որ Ռուսաստանի նկատմամբ սահմանված սանկցիաներն են նաև այս որոշման պատճառը։
«Ռուսաստանում բացի ռազմաարդյունաբերական կոմպլեքսից, այնքան տեղ ունեն դրանք օգտագործելու, որ հեչ կապ չունի էլի, բայց մեր քանակները շատ քիչ են, երևի Ռուսաստանի մի հատ մարզ ավելի շատ թափոն, ջարդոններ ունի, քան ամբողջ Հայաստանը», - ասաց նա։
Մետաղների ջարդոնները ռազմավարական նշանակություն ունեն և կարող են երկրի անվտանգության ապահովման նպատակով էլ կիրառվել, շեշտում է ամենախոշոր ընկերություններից մեկի համասեփականատերը և հավելում՝ աշխարհի զարգացած երկրները ամեն ինչ անում են, որ դրանք դուրս չգնան. «Մենք ունենք արդեն մի քանի գործարան՝ արտադրում է արմատուրա, մի քանի գործարան արտադրում է …, մետալուրգիան Հայաստանում զարգանում է»։
Սահմանամերձ Երասխում կառուցվող հայ-ամերիկյան մետաղաձուլական գործարանը, որի ուղղությամբ ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է, հենց սև մետաղի ջարդոնի վերամշակմամբ է զբաղվելու։ Հումքի անհրաժեշտություն այստեղ մեծ է, ասում է Գարի Պողոսյանը։
Ինչո՞ւ են մինչ այս Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ջարդոնները վաճառվել այլ երկրներին։ Գործարարի խոսքով՝ ոլորտում աշխատողները այդ կերպ պարզապես ցանկացել են ավելի շատ գումար վաստակել, քանի որ տեղում ավելի քիչ են վճարում. «Եթե անգամ արտասահմանում 5-10 տոկոս ավելի թանկ են տալիս, ավելի լավ է վաճառել Հայաստանում, որովհետև դա հետագայում Հայաստանի համար կբերի 20-30 տոկոս ավելի շահույթ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պետդեպարտամենտում կրկին խոսում են Հայաստանի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանցմանը նպաստելու մասինԿառավարությունն էլ իր հաշվարկներն ու կանխատեսումներն ունի՝ ի՞նչ կլինի եթե թափոնը երկրում մնա՝ ընդհուպ 150 միլիոն դոլարի ներդրումներ, մինչև 1000 նոր աշխատատեղ և այլն։
«Արտահանում ես ինչի՞ համար, նրանց համար, ով պատրաստում է այդ նույն արտադրանքը, և դու իրենց պատճառով գնում ես կոպեկներով, հետո տասնապատիկ թանկ իրենք վաճառում են պատրաստի արտադրանք»։
Մետաղի ջարդոնի զանգվածային արտահանումը անկախ Հայաստանի ամենամեծ ոդիսականներից մեկն է։ Երևանցիների հիշողություններում թարմ են 2000-ականների սկզբին տրամվայների ապամոնտաժված ռելսերը, հազարավոր տոննաների հասնող ռելսերն ի վերջո վաճառվեցին։ Նույն տարիներին քանդվեց կամ թալանվեց նաև Մեղրի-Կապան 40 կիլոմետրանոց երկաթգիծը՝ ավելի քան 300 միլիոն դոլար գնահատված արժեքով։ Հեղափոխությունից հետո քրգործ էր հարուցվել, սակայն որևէ անձ պատասխանատվության չենթարկվեց։ Գործը փակվեց՝ հանցագործներին չհայտնաբերելու պատճառաբանությամբ։ Ի դեպ, հենց այս երկաթուղին վերականգնելու համար է կառավարությունը պատրասվում 200 միլիոն դոլար ծախսել։