Բանտախցից Պուտինի խոհանոց հասած 62-ամյա ռուսաստանցի գործարար Եվգենի Պրիգոժինը հայտնի է Ռուսաստանի նախագահի հետ տասնամյակների ընկերական կապերով:
Նրա հիմնադրած ամենահայտնի ընկերությունը «Վագներ»-ն է՝ վարձկան զինվորներին միավորող կառույց, որը մինչև Ուկրաինայի դեմ պատերազմին միանալը մասնակցել է Լիբիայում, Սուդանում, Մոզամբիկում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Սիրիայում զինված հակամարտություններին՝ ռուսաստանյան կառավարության հովանու ներքո։
Ըստ Bellingcat-ի, The Insider-ի և Der Spiegel-ի հետաքննության՝ Պրիգոժինի գործողությունները սերտորեն կապված են Ռուսաստանի պաշտպանության նախարարության և Գլխավոր հետախուզական վարչության հետ։ Նրան պատկանող «Կոնկորդ» ընկերությունը Ռուսաստանում զբաղվում էր պետության բարձրագույն պաշտոնյաների սննդի մատակարարմամբ, ինչի շնորհիվ նա լրատվամիջոցներում ստացել է «Պուտինի խոհարար» մականունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինի միլիարդատեր խոհարարըԽորհրդային տարիներին ոչինչ չունեցած ռուսաստանցի հարուստ գործարարի անցած ճանապարհի մասին ծավալուն հետաքննություն էր հրապարակել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի գլխավորած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը։ Կառույցը պնդում է, որ Պրիգոժինը հսկայական առանձնատների, տասնյակ մեքենաների, սեփական ինքնաթիռի ու զբոսանավի սեփականատեր է: Ընդ որում, հիմնադրամի իրավաբանները նաև մի շարք փաստեր են բացահայտել, որոնք վկայում են, որ Պուտինի միլիարդատեր խոհարարը ստվերային գործարքների միջոցով ապօրինի գերշահույթ է ստանում՝ յուրացնելով նաև բանակին հատկացված միջոցները:
«Նա, իսկապես, ստորին խավից դուրս եկած հասարակ մի տղա է, որին 1979 թվականին նույնիսկ դատապարտել են գողության համար, երկու տարի անց՝ կրկին դատապարտել, այս անգամ՝ առավել ծանր հոդվածով: Ընդհանուր առմամբ, նա 9 տարի է անցկացրել կալանավայրում», - անցած տարիներին պատմում էր Նավալնին՝ փաստելով․ - «Հաջողության հասնելու լավագույն ճանապարհը չէ, անշուշտ, սակայն շուտով փլուզվել է Խորհրդային Միությունը, մեր հերոսը սկսել է զբաղվել բիզնեսով: Նախ պարենային խանութի տնօրեն է եղել, հետո՝ սեփական ռեստորանը բացել: Եվ այստեղ բախտը ժպտացել է նրան»:
«2001 թվականին Պրիգոժինի ռեստորան է եկել Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը: Գործարարը ջանք չի խնայել բարձրաստիճան հյուրին գոհացնելու համար, անձամբ է սպասարկել, կատակել, յուրահատուկ ձևով անձեռոցիկներն ու ափսեները մատուցել, և նրան նկատել են... Սկզբում Պրիգոժինը ընկերացել է Պուտինի վարորդի, հետո՝ թիկնապահի հետ, ապա՝ դարձել պուտինյան ցերեկույթների ու միջոցառումների գլխավոր կազմակերպիչը» , - պատմում էր ընդդիմադիր գործիչը։
Մի շարք հետաքննությունների համաձայն՝ մինչև վարձկանների հավաքագրմամբ զբաղվելը Պրիգոժինը բուռն գործունեություն էր ծավալում համացանցում. նա հիմնադրել էր «թրոլների ֆաբրիկա», որի հազարավոր աշխատակիցներ սոցիալական ցանցերում ոչ միայն գովերգում էին Ռուսաստանի ղեկավարությանը, քարոզում կառավարության տեսակետն ու անխնա քննադատում ընդդիմությանը, այլև, ըստ ամերիկյան իրավապահների, փորձել են ազդել նաև ամերիկացի ընտրողների վրա:
Ուկրաինայի դեմ պատերազմում առանցքային դերակատարում ունեցող վարձու զինվորականների ղեկավար Պրիգոժինը Ռուսաստանի հերոսի կոչում ունի:
Ռուս - ուկրաինական պատերազմի ամենաթեժ օրերին համացանցում էր հայտնվել ենթադրաբար «Վագներ»-ի կողմից հավաքագրված նախկին բանտարկյալ Եվգենի Նուժինի սպանության տեսանյութը։ Նուժինը հանձնվել էր, իսկ հետո անհասկանալի հանգամանքներում կրկին հայտնվել Ռուսաստանում։ Պրիգոժինը, որը բազմիցս հրապարակավ հայտարարել է՝ «դավաճաններին պետք է պատժել», չի թաքցրել՝ ողջունել է իր ենթակա զինվորականին մուրճով սպանելը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վագներ»-ի գերեվարված վարձկանները պատմել են ռուսական զորքերի մեծ կորուստների մասինԱյդուհանդերձ, «Վագներ»-ի հիմնադիրը շուրջ վեց ամիս է հրապարակավ չափազանց կոշտ քննադատություն է հնչեցնում ՌԴ ռազմական ղեկավարության հասցեին՝ չխնայելով անգամ Կրեմլի ղեկավարությանը։
Մայիսի 20-ին՝ մոտ տասն ամիս Բախմուտը պաշարելուց հետո, ռուսական ուժերը հայտարարեցին քաղաքի նկատմամբ հաղթանակի մասին: Նախագահ Պուտինն այդ հաջողությունում ընդգծել է «Վագներ»-ի վարձկանների դերը, խուսափելով հնչեցնել, սակայն, Պրիգոժինի անունը։
Իր հերթին Պրիգոժինը, օգտվելով առիթից, կրեմլամետ լրագրողներից մեկին տված հարցազրույցում ռուսաստանյան իշխանություների հասցեին քննադատությամբ չի բավարարվել, նա ծաղրել է ոչ միայն Շոյգուին, այլև նրա զավակներին, և զգուշացրել հեղաշրջման վտանգի մասին՝ հիշեցնելով 1917 թվականը:
«Վագներ»-ի զինված ուժերի՝ Դոնի Ռոստով քաղաքում դիրքեր գրավելուց և դեպի Մոսկվա գլխավոր մայրուղով դեպի հյուսիս շարժվելուց ժամեր անց Ռուսաստանի նախագահը, հանդես գալով հատուկ ուղերձով, ինքը վկայակոչեց 1917 թվականը, ինչը հստակ վկայում է, որ Պրիգոժինի ապստամբությունը Պուտինի ամենամեծ մարտահրավերն է երկրի կառավարման ավելի քան երկու տասնամյակի ընթացքում: