Արցախից Հայաստան է տեղափոխվել ծանր վիճակում գտնվող մեկ տարեկան երեխա

Ռուս խաղաղապահների ուղղաթիռով Արցախից Հայաստան է տեղափոխվել մեկ տարեկան երեխա, ով երկու օր ծայրահեղ ծանր վիճակում էր գտնվում, հաղորդում է Առողջապահության նախարարությունը։

Ռուս խաղաղապահներն ուղղաթիռով Հայաստանից նաև հրատապ անհրաժեշտության դեղորայք են բերել Արցախ՝ և՛ Արցախի բնակչության, և՛ իրենց կարիքների համար:

Հունիսի 15-ից արդեն 10-րդ օրն է, ինչ Ադրբեջանի կողմից ամբողջապես արգելափակված է Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և խաղաղապահների կողմից արցախցի բուժառուների երկկողմանի տեղաշարժը, ինչպես նաև դեղորայքի և բժշկական պարագաների մատակարարումը Արցախ։

Այս պահի դրությամբ ԱՆ «Արևիկ» բուժմիավորումում 6 երեխա գտնվում է վերակենդանացման և նորածնային բաժանմունքում։

«Հանրապետական բժշկական կենտրոն» -ում 7 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։