«Վագներ» վարձկանների խմբավորման անդամները՝ Ռուսաստանի հարավային Դոնի Ռոստով քաղաքում՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության դեմ «ապստամբության» մասին հայտարարությունների ֆոնին:
Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար, Պուտինի երբեմնի խոհարար Եվգենի Պրիգոժինի դեմ`ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար: Պրիգոժինը մեղադրում է ՊՆ-ին իր վարձկանների ուղղությամբ կրակ բացելու համար: Երեկ ուշ երեկոյան նա հայտարարել է, թե «արդարության երթ է սկսում» նախարարության դեմ`կոչ անելով ռուսաստանցիներին միանալ իրեն:

Ռոստովի նահանգապետը հորդորել է բնակիչներին առանց ծայրահեղ անհրաժեշտության տնից դուրս չգալ. ըստ հաղորդումների՝ այսօր վաղ առավոտյան «Վագների» վարձկանները մտել են Ուկրաինայից քիչ հեռու գտնվող Դոնի Ռոստով քաղաք: Լուսանկարներում երևում է`ինչպես են մի խումբ զինվորականներ շրջապատել քաղաքի վարչական շենքերը, փողոցներում զրահամեքենաներ են կանգնած: Ավելի ուշ Պրիգոժինը հայտարարել է, թե իր վարձկանները վերահսկում են Ռոստովի ու Վորոնեժի ռազմական օբյեկտները:

