«Վագների» շարասյունը լքել է Դոնի Ռոստովը, Վորոնեժը (լրացված)

21:07

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանում ձախողված հեղաշրջման թեման այսօր հեռախոսով քննարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ապա Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Այդ մասին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամլո ծառայությունը:

Ըստ Մինսկից ստացված հաղորդագրության, առավոտյան Լուկաշենկոն խոսել է Պուտինի հետ, իսկ օրվա երկրորդ կեսին՝ Նազարբաևի հետ:

Այդ երկրորդ զրույցի ընթացքում անդրադարձ է եղել ոչ միայն միջազգային և տարածաշրջանային խնդիրներին, այլև բելառուսա-ղազախական հարաբերություններին:

Պուտինի հետ նախորդ հեռախոսազրույցում, որը տեղի է ունեցել շաբաթ օրը, Լուկաշենկոն հաղորդել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ բանակցությունների արդյունքների մասին, որոնք թույլ են տվել կարգավորել ճգնաժամը և կանխել վագներականների շարասյան արշավը Մոսկվայի վրա:

21:06

Ռուսաստանի Դաշնությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին ասել է, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության երեկվա նախաձեռնած ռազմական հեղաշրջման փորձի կապակցությամբ ինքը շփումներ է հաստատել Ռուսաստանի արտաքին գերատեսչության հետ: Այդ մասին դեսպանը հայտնել է CBS հեռուստակայանի թղթակցի հետ զրույցում:

Դեսպանը նշել է, որ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ այդ հեղաշրջման փորձի վերաբերյալ անձամբ չի զրուցել:

Ըստ CBS-ի, ռուս-ամերիկյան շփումներն իրականացվել են «դեսպանի և ԱԳՆ-ի, ինչպես նաև մի շարք այլ ատյանների մակարդակներով»:

Մեկնաբանելով թեման՝ Բլինքենն ասել է, որ նախագահ Ջո Բայդենի կարգադրությամբ կապվել է ռուսական կողմի հետ՝ համոզվելու, որ ռուսները կատարելու են դիվանագիտական աշխատողների և Ռուսաստանում գտնվող բոլոր ամերիկացիների անվտանգությունը երաշխավորելու պարտավորությունը:

Բլինքենը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք նախագահ Ջո Բայդենը կապվել է նախագահ Վլադիմրի Պուտինի, կամ Կենտրոնական հետախուզական վարչությունը՝ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հետ:

«Մտադիր չեմ մանրամասների մասին խոսել, կարող եմ միայն հայտնել, որ շաբաթավերջին մենք որոշակի փոխգործություն ենք անցկացրել ռուսական կողմի հետ, որ համոզվենք, որ նրանք կատարում են իրենց պարտավորությունները, մեզ համար դա կարևոր էր, և մենք դա արել ենք»,- ասել է Բլինքենը:

19։25

Եվրոպական միության արտաքին գերատեսչությունների ղեկավարները վաղը Լյուքսեմբուրգում նախատեսված ամենամսյա համաժողովում՝ ի շարս այլ հարցերի, կանդրադառնան անցած շաբաթ օրը Ռուսաստանում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ստորաբաժանումների ռազմական ապստամբության ձախողված փորձի հետևանքներին: Այդ մասին այսօր Բրյուսելում ազգային անվտանգության խորհրդի նիստում ասել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդեր Դե Կրոոն:

«Եվրոպական միության արտաքին գործերի նախարարները կքննարկեն իրավիճակը Ռուսաստանում, որտեղ ավարտվել է ռուսական կանոնավոր բանակի դեմ ուղղված {«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր և ղեկավար} Եվգենի Պրիգոժինի նախաձեռնած զինված ապստամբությունը: Բելգիան կներկայացնի արտգործնախարար Աջա Լյաբիբը»,- հայտնել է Դե Կրոոն:

Լյաբիբն, իր հերթին ասել է, որ կառավարությունը քննարկումներ է անցկացրել Ռուսաստանում Բելգիայի դեսպանատան հետ և միջոցներ է ձեռնարկել Ռուսաստանում բնակվող Բելգիայի քաղաքացիների վիճակի մասին տեղեկություններ ստանալու համար:

«Ռուսաստանում այսօրվա դրությամբ ապրում է 780 բելգիացի: Բոլորի հետ հաջողվել է կապ հաստատել և համոզվել, որ նրանց այս պահին որևէ վտանգ չի սպառնում»,- ասել է ԱԳ նախարար Լյաբիբը:

19։00

«Վագների» վարձկանները երեկվա ապստամբության փորձի ընթացքում ոչնչացրել են ռուսական զինված ուժերի օդային տեխնիկայի մի քանի միավոր: Դրանց ստույգ թիվը հայտնի չէ:

Խոցված մեքենաների թվում է Ил-22М ինքնաթիռը, որն անվանում են «օդային հրամանատարական կենտրոն»:

Ռուսաստանի Առաջին ալիքի թղթակից Իրինա Կուկսենկովայի փոխանցմամբ, Ил-22М օդանավում եղել է 10 մարդ, բոլորը, ենթադրաբար, զոհվել են:

Այդ օդանավը հարվածներ չի հասցնում թշնամուն և հիմնականում կիրառվում է մարտերը կառավարելու, ստորաբաժանումների գործողությունները համակարգելու, հրամանների ու թիրախների մասին տեղեկությունները հասցեատերերին փոխանցելու նպատակով:

Ռուսաստանի Հարավային զինտարածքի հրամանատարական շտաբում «Վագների» հիմնադիր ու ղեկավար Եվգենի Պրիգոժինին հարցրել են, թե ի՞նչ իմաստ ուներ Ил-22М-ի ոչնչացումը, եթե այն կրակ չէր բացել:

«Ռազմական շարասյան հիմար ՀՕՊ-ականը թիրախավորել է բոլոր օդ բարձրացող ինքնաթիռները»,- պատասխանել է Պրիգոժինը:

15:16

The Washington Post օրաթերթի փոխանցմամբ, ամերիկյան հետախուզությունը հունիսի կեսերին տեղեկություն է ստացել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր, մեծահարուստ Եվգենի Պրիգոժինի ապստամբության հնարավորության վերաբերյալ և անմիջապես այդ մասին զգուշացրել է Սպիտակ տանը, պետական դեպարտամենտին, Պենտագոնին, Կոնգրեսին և կառավարական այլ պատկան կառույցներին:

«Եղել են բավական թվով ազդակներ, որ ԱՄՆ ղեկավարությունը հասկանա, որ ինչ-որ բան է խմորվում, և անակնկալի չբերվի, երբ դա տեղի ունենա, սակայն Պրիգոժինի հստակ ծրագրի և դրա իրագործման ստույգ ժամկետի մասին տեղեկություն չի եղել»,- ասել է The Washington Post օրաթերթի անանուն աղբյուրը:

15։05

La Repubblica իտալական պարբերականի փոխանցմամբ, նախօրեին ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ոչ պաշտոնական կարգով քննարկումներ են անցկացրել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ստորաբաժանումների ակտիվության վերաբերյալ:

La Repubblica-ն ենթադրում է, որ «ՆԱՏՕ-ի համար Մոսկվայում առավել հուսալի զրուցակից է համարվում պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն»:

Պարբերականը հայտնում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը և եվրոպական առաջատար պետությունների ղեկավարները, որոնց թվում Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին չի եղել, «քննարկել են «Վագների» գործողություններից բխող վտանգների ու նախևառաջ միջուկային միջադեպի կանխարգելման հարցը»:

Ըստ իտալական թերթի, ՆԱՏՕ-ի ղեկավարների ուշադրության կենտրոնում եղել է ցանկացած պահին կիրառման պատրաստ ավելի քան 1400 միջուկային մարտագլխիկների հարցը:

Արևմուտքը ցանկացել է ռուսներին հասցնել այն միտքը, որ «ՆԱՏՕ-ն բացարձակ առնչություն չունի ապստամբների ազդարարած նպատակների հետ»:

15:00

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ստորաբաժանումները կանոնավոր կարգով հեռանում են Վորոնեժի շրջանի տարածքից:

Գործող սահմանափակումները և անվտանգության պահպանման միջոցները կչեղարկվեն իրավիճակի ամբողջական կարգավորումից հետո: Այդ մասին Տելեգրամ-ալիքում հայտնել է Վորոնեժի շրջանի ղեկավար Ալեքսանդր Գուսևը:

«Ավարտվում է Վորոնեժի շրջանի տարածքով «Վագների» ստորաբաժանումների հեռացումը, որը տեղի է ունենում կանոնավոր կարգով, առանց միջադեպերի»,- հայտնել է Գուսևը և ավելացրել, որ իրավիճակի վերջնական կարգավորումից հետո հայտարարված սահմանափակումները չեղյալ կհայտարարվեն, ինչի մասին կտարածվի լրացուցիչ հայտարարություն:

Նրա խոսքով, իշխանությունները միջոցներ կձեռնարկեն շաբաթ օրը շրջանում զինտեխնիկայի տեղաշարժի հասցրած վնասը վերացնելու համար:

«Շնորհակալութուն եմ հայտնում բոլոր վորոնեժցիներին ցուցաբերած զսպվածության, տոկունության և խոհեմության համար: Շնորհակալ եմ նաև ուժային կառույցներին համակարգված և պրոֆեսիոնալ աշխատանքի համար»,- գրել է Գուսևը Տելեգրամ ալիքում:

09:42

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին առնչվող քննարկումները երեկվա իրադարձություններից հետո։

«Ես տեղյակ չեմ որևէ փոփոխության [պաշտպանության նախարարի նկատմամբ Պուտինի վստահության հարցում]», - ասել է նա։

Պեսկովը նաև ընդգծել է, որ Պաշտպանության նախարարությունում կադրային փոփոխությունները նախագահի լիազորությունների մեջ են մտնում, և այդ հարցը հազիվ թե քննարկված լինի Բելառուսի նախագահի և «Վագների» ղեկավարի բանակցությունների ընթացքում:

09:40

«Վագներ» մասնավոր ռազմական կազմավորման շարասյունը կիրակի գիշերը լքել է Դոնի Ռոստովի տարածքը, հայտնել է մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը Տելեգրամի իր ալիքում։

Նրա խոսքով՝ նրանք ուղղվել են դեպի դաշտային ճամբարներ։

Ռուսական ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Դոնի Ռոստովի կենտրոնում իրավիճակը կեսգիշերին կարգավորվել է։ Քաղաքացիական տրանսպորտի տեղաշարժը ճանապարհներին, ներառյալ՝ Բուդյոնովսկի պողոտայում ամբողջությամբ վերականգնվել է։ Հարավային ռազմական օկրուգի գլխավոր շտաբի շենքի մոտ ներկայումս զինտեխնիկա և համազգեստով անձինք չկան։ Մարդիկ ազատ տեղաշարժվում են քաղաքում։

Բուդեննովսկի պողոտայում մնացել է մեկ զրահափոխադրիչ, կողքին ոստիկանական բրիգադներ են։

02։49

«Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը կմեկնի Բելառուս, նրա դեմ հարուցված քրգործը կկարճվի, հայտարարել է Կրեմլի խոսնակը։

Դմիտրի Պեսկովը միաժամանակ պնդել է, թե զինված ուժերում կադրային փոփոխությունները ՌԴ նախագահի իրավասությունն են և գրեթե չեն քննարկվել Լուկաշենկո-Պրիգոժին բանակցություններում:

02։48

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում են կառավարությունից։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չնայած Ռուսաստանում ծավալվող իրադարձությունները Ռուսաստանի ներքին գործն են, կցանկանար տեղեկություններ ստանալ բարեկամ երկրում հաստատված իրադրության վերաբերյալ:

ՌԴ նախագահը վարչապետին տեղեկացրել է վերջին զարգացումների մասին:

02։00

Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը և Մոսկվայում ՀՀ դեսպանությունը շարունակում են պատասխանել քաղաքացիների բոլոր հարցումներին, փոխանցում է Արտգործնախարարությունը։

Այս պահի դրությամբ ստացվել է շուրջ 80 հեռախոսազանգ, և ՀՀ քաղաքացիներին հյուպատոսական գործառույթների շրջանակներում տրվել են համապատասխան պարզաբանումներ։

Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ կարող են կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ +7 989 502 96 50։

Մոսկվայում ՀՀ դեսպանության թեժ գիծն է՝ +7 926 806 50 01։

22։00

«Վագների» զինյալներն իրենց շարասյուներով վերադառնում են դաշտային ճամբարներ. խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի այս հայտարարությունը հրապարակվել է Տելեգրամում նրա մամլո ծառայության կողմից։

«Գիտակցելով ողջ պատասխանատվությունը այն բանի համար, որ երկու կողմերից մեկը ռուսական արյուն է թափելու, մենք շրջում ենք շարասյուները և գնում հակառակ ուղղությամբ՝ դաշտային ճամբարներ՝ պլանի համաձայն»,- ասվում է Պրիգոժինի անունից տարածված հայտարարության մեջ։

21։44

Բելառուսի նախագահականը հայտարարում է, թե Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցել է «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ, ինչի արդյունքում վերջինս համաձայնել է զինյալների շարժը կանգնեցնելու առաջարկին:

«Սեղանին է իրավիճակի հանգուցալուծման շահավետ և ընդունելի տարբերակ`«Վագների» զինյալների համար անվտանգության երաշխիքների տրամադրմամբ», - հայտարարել է պաշոնական Մինսկը առանց հավելյալ մանրամասների:

Նշվում է միայն, որ Լուկաշենկոն բանակցությունները վարել է ողջ օրվա ընթացքում`նախագահ Պուտինի համաձայնությամբ. «Կողմերը համաձայնել են, որ չի կարելի արյունահեղության գնալ»:

21։25

ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, ով նաև մեկ ժամկետով Ռուսաստանի նախագահ է եղել, զգուշացրել է, որ «Վագների» խռովության հաջողությունը կնշանակի՝ նրանք կտիրեն Ռուսաստանի միջուկային ահռելի զինանոցին և իրական սպառնալիք կստեղծեն ամբողջ աշխարհի համար։

«Մարդկային ամբողջ պատմությունը դեռ չի տեսել, որ միջուկային մեծ զինանոցը հայտնվի բանդիտների վերահսկողության տակ», - ռուսական լրատվամիջոցի հարցազրույցում ասել է Մեդվեդևը՝ հավելելով, թե նման ճգնաժամը չի սահմանափակվի միայն մեկ երկրի սահմաններով՝ աշխարհը կդրվի ոչնչացման եզրին։

«Իրադարձությունների նման շրջադարձ մենք չենք թույլատրի»,- ասել է Մեդվեդևը, ով Ուկրաինա ներխուժելուց հետո ռուսաստանյան ամենակոշտ հռետորներից էր և բազմիցս սպառնացել էր նաև միջուկային զենքով։

Նրա կարծիքով՝ Պրիգոժինի խռովությունը լավ պլանավորած գործողություն է, որի նպատակն է գրավել իշխանությունը։ Նա պնդել է, որ խռովության հետ հնարավոր է՝ առնչվում են ռուսական զինվորական էլիտար ստորաբաժանումների որոշ վետերաններ և արտերկրի դերակատարներ։

20։35

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը գալիք երկուշաբթին հայտարարեց ոչ աշխատանքային։ Պատճառի մասին նա նշել է այսպես՝ ռիսկերի նվազեցումը հակաահաբեկչական ռեժիմի պայմաններում։

«Իրավիճակը բարդ է», - Տելեգրամում գրել է Սոբյանինը՝ նաև խնդրելով առավելագույնս ձեռնպահ մնալ Մոսկայում երթևեկելուց։

«Վագների» մասին նա ոչինչ չի ասել։

Տելեգրամ կանալներում լուսանկարներ են հայտնվել՝ ցույց տալով Մոսկվա տանող ճանապահներին տեղադրված արգելափակոցներ ու հենակետեր։ Հաղորդվել է Օկա գետի վրա կամուրջը փակելու մասին, որը Մոսկվայի հարավային ճանապարհն է։

19:18

Ռուսաստանի կանոնավոր բանակը կրակ է բացել «Վագների» ուժերի վրա, որոնք Ռուսաստանի հարավ-արևմտյան Դոնի Ռոստով քաղաքից ուղևորվել են դեպի Մոսկվա։

Reuters-ի թղթակիցը հաղորդում է, որ ռուսական բանակը «Վագների» շարասյունը գնդակոծել է ուղղաթիռներից։

Հաղորդվում է, որ շարասյունը թիրախավորվել է Վորոնեժ քաղաքն անցնելուց հետո։ Reuters-ի տվյալներով՝ շարասյանը մաս էին կազմում նաև զորակոչիկներ և առնվազն մեկ տանկ։

19:17

Լիպեցկի նահանգապետը հայտարարել է, թե «Վագների» զինտեխնիկան սկսել է տեղաշարժվել մարզի տարածքով:

«Իրավապահ մարմիններն ու իշխանությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները բնակչության անվտանգությունն ապահովելու համար, իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ»,- հայտարարել է նահանգապետը`չմանրամասնելով`պատրաստվում են արդյոք քայլեր ձեռնարկել վարձկանների տեղաշարժը կանգնեցնելու համար:

Փաստացի, վագներովցիները սկսել են շարժվել երեկ կեսգիշերից` Ուկրաինայի հետ սահմանից քիչ հեռու գտնվող Ռոստովից, անցել են Վորոնեժն ու հասել Լիպեցկ, որը գտնվում է դեպի Մոսկվա տանող M4 միջպետական ճանապարհին:

19։00

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը այսօր հայտնել է, որ զրուցել է Մեծ յոթնյակի (G7) և Եվրամիության գործընկերների հետ այն բանից հետո, երբ «Վագների» գրոհայինները Ռուսաստանի հարավում վերահսկողության տակ վերցրեցին ռազմական որոշ օբյեկտներ։

«Միացյալ Նահանգները սերտ կոորդինացման մեջ կլինի դաշնակիցների և գործընկերների հետ, քանի որ իրավիճակը շարունակում է զարգանալ»,- Թվիթերում գրել է նա։

«Պետքարտուղար Բլինքենը վերհաստատել է, որ Ուկրաինային Միացյալ Նահանգների աջակցությունը չի փոխվի»,- հայտնել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկացուցիչ Մեթյու Միլլերը։

18։50

Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ:

«Այն, ինչ կատարվում է հիմա Ռուսաստանում, այդ երկրի ներքին գործն է», - հայտարարել է Իրանի արտգործնախարարությունը՝ հավելելով` Թեհրանը սատարում է օրենքի գերակայությանը Ռուսաստանում:

Ավելի վաղ Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել նաև Թուրքիայի, Բելառուսի, Ղազախստանի ու Ուզբեկստանի առաջնորդների հետ:

18։37

Ռուսաստանի տարածքում արգելափակվել են մի շարք ինտերնետային ռեսուրսները՝ «ռազմական հեղաշրջմանը միանալու կոչերի տարածումը կանխելու նպատակով», «Ինտերֆաքսին» հայտնել են Ռոսկոմնադզորից։

Թե որ հարթակների մասին է խոսքը, գերատեսչությունը չի պարզաբանել։ Այսօր ավելի վաղ հայտնի է դարձել , որ ՌԴ գլխավոր դատախազության պահանջով արգելափակվել է «Վկոնտակտե» սոցիալական ցանցում «Վագներ»-ի վարձկանների պաշտոնական էջը։

18։25

Ռուսաստանում զինված վարձկանների խռովության ղեկավար Եվգենի Պրիգոժինը այսօր ասել է, որ Պետերբուրգում իր գրասենյակի մոտ կայանած ավտոմեքենաներում Անվտանգության դաշնային ծառայության կողմից արկղերի մեջ հայտնաբերված կանխիկ գումարը նախատեսված է «Վագների» գրոհայինների աշխատավարձի և այլ ծախսերի համար։

Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ ստվարաթղթե արկղերում 4 միլիարդ ռուբլի է հայտնաբերվել (47 միլիոն դոլար): Լրատվամիջոցների այս լուրը դեռևս պաշտոնապես հաստատված չէ։

18։11

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր օրենք ստորագրեց, որը 30 օրվա կալանք է նախատեսում ռազմական դրության ռեժիմը խախտելու համար։

18։07

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աջակցություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը ռազմական ապստամբությունը ճնշելու գործողությունների ֆոնին։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցից հետո։

«Թուրքիայի Հանրապետության նախագահն իր լիակատար աջակցությունն է հայտնել Ռուսաստանի ղեկավարության քայլերին»,- ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ։

Ռուսական կողմի համաձայն՝ հեռախոսազրույցը կայացել է Անկարայի նախաձեռնությամբ։

18։05

«100 տարի լիտվացիներն ապրել են Մոսկվայի դաժան ավազակապետության եզրին, գիտակցելով, որ քաոսային հաջոդ պայթյունը ժամանակի հարց է։ Մենք շփոթված չենք։ Նպատակը ինչպես միշտ Ուկրաինայի համար հաղթանակն է ու արդարությունը։ Հիմա է ժամանակը», - ասել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը։

«Էստոնիան ուշադիր հետևում է Ռուսաստանում իրավիճակի զարգացմանը և տեղեկատվություն փոխանակում դաշնակիցների հետ։ Կարող եմ վստահեցնել, որ մեր երկրին ուղղակի վտանգ չկա։ Սահմանների անվտանգությունը ուժեղացվել է։ Ես նաև հորդորում եմ մեր քաղաքացիներին չմեկնել Ռուսաստանի որևէ շրջան»,- Twitter-ի իր էջում գրել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը։

Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսը ասել է, որ երկրի ղեկավարությունը և համապատասխան իշխանությունները անդադար հետևում են Ռուսաստանում զարգացող իրադարձություններին և դիտարկում անհրաժեշտ միջոցներ։ Օպերատիվ ուժեղացվել է Ռուսաստանի հետ սահմանի վերահսկողությունը։ Սահմանապահ ծառայությունը, պաշտպանության նախարարությունը, ներքին գործերի նախարարությունը և համապատասխան ծառայությունները մշտական կապի մեջ են գտնվում, նշել է նա։

16:00

«Մենք շփումների մեջ ենք դաշնակիցների հետ և հետևում ենք իրավիճակի զարգացմանը»,- BBC-ի հարցազրույցում այսօր ասել է Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը՝ մեկնաբանելով ռուսաստանյան իրադարձությունները։

Նրա խոսքերով՝ Բրիտանիայի իշխանությունները ուշադիր հետևում են իրավիճակի զարգացմանը։

«Նրանցից մի քանիսի հետ ես այսօր ավելի ուշ կխոսեմ, բայց գլխավորը, որ բոլոր կողմերը պատասխանատու գործեն և պաշտպանեն քաղաքացիական բնակչությանը», - նշել է նա։

15։58

Վորոնեժում, ըստ վերջին տեղեկությունների, նավթային ամբարում հրդեհ է բռնկվել:

«Տեղում աշխատում է ավելի քան հարյուր հրշեջ ու երեսուն միավոր տեխնիկա, նախնական տեղկություններով՝ զոհեր չկան»,- հայտարարել է նահանգապետ Ալեքսանդր Գուսևը:

Կրակը, ըստ հաղորդումների, բռնկվել է պայթյունից հետո, համացանցում հրապարակված կադրերում նաև ուղղաթիռ է երևում, սակայն հայտնի չէ`արդյոք այն որևէ կապ ունի պայթյունի ու հրդեհի հետ:

Մինչ այդ հաղորդվել էր, որ «Վագների» վարձկանները վերահսկողություն են հաստատել Ռոստովում ու Վորոնեժում: Ըստ BBC­-ի և Reuters-ի՝ երկու մարզկենտրոններում էլ ռազմական բոլոր օբյեկտները գտնվում են նրանց հսկողության ներքո:

15։45

«Ռուսաստանն իր իշխանության թուլությունն ու հիմարությունը երկար ժամանակ քողարկել է քարոզչությամբ: Եվ հիմա քաոսն արդեն այնքան է, որ մի ստով չես կարող թաքցնել», - հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ շարունակելով՝ չարի ճանապարհն ընտրածն ինքն իրեն է կործանում։

«Ռուսաստանի թուլությունն ակնհայտ է, լայնածավալ թուլություն։ Եվ որքան երկար Ռուսաստանն իր զորքերն ու վարձկաններին պահի մեր հողում, այնքան ավելի շատ քաոս, ցավ ու խնդիրներ կունենա իր համար», - հավելել է նա։

15։41

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույցեր է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանր Լուկաշենկոյի, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժամարտ Տոկաևի և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Նախագահը զրուցակիցներին տեղեկացրել է իրավիճակի մասին», - փոխանցել է Կրեմլի խոսնակը:

15։40

Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ այսօր հեռախոսազրույց են ունեցել Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ու Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է իր երկրում ստեղծված իրավիճակի մասին։

Ռուսաստանի ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել նաև Բելառուսի նախագահի հետ։

15։20

Պատրիարք Կիրիլը կոչ է արել պահպանել միասնականությունը և աջակցել Պուտինի ջանքերին՝ անկարգությունները կանխելու համար։

«Ընդհանուր սպառնալիքի դեմ անհրաժեշտ է պահպանել համախոհությունը, հաղթահարել վիրավորանքը և անձնական ամբիցիաները: Որքան էլ դա դժվար լինի: Ես աջակցում եմ Ռուսաստանի պետության ղեկավարի ջանքերին՝ ուղղված մեր երկրում խառնաշփոթը կանխելուն: Ինքս աղոթում եմ և կոչ եմ անում բոլոր եպիսկոպոսներին, հոգևորականներին, վանականներին և աշխարհականներին բարձրացնել իրենց հանդիսավոր աղոթքները, որպեսզի Տերը պահպանի անկարգության կոչերից վտանգված խաղաղությունն ու միասնությունը»,- ասվում է ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի հայտարարության մեջ։

Ինչպես ռուս պաշտոնյաները, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատրիարք Կիրիլը ևս իր խոսքում չի հիշատակել ապստամբության անմիջական ղեկավար Եվգենի Պրիգոժինի անունը՝ տեղի ունեցողը որակելով բացառապես «մեր երկրում տարաձայնություն սերմանելու փորձ» և անկարգությունների սպառնալիք։

15։15

Պրիգոժինը նոր ձայնային հաղորդագրություն է տարածել`ընդգծելով, թե չի պատրաստվում հանձնվել:

«Ինչ վերաբերում է հայրենիքի դավաճանության մեղադրանքներին, նախագահը խորապես սխալվում է: Մենք հայրենասերներ ենք, կռվել ենք և կռվում ենք, ու որևէ մեկը չի պատրաստվում նախագահի, Դաշնային անվտանգության ծառայության կամ ինչ-որ այլ մեկի պահանջով հանձնվել: Որովհետև մենք չենք ուզում, որ մեր երկիրը շարունակի ապրել կոռուպցիայի, բյուրոկրատիայի և խաբեության մեջ», - նշել է նա:

15։00

Եվրամիությունը հետևում է Ռուսաստանում տիրող իրավիճակին և տեղի ունեցողը համարում է այդ երկրի ներքին գործը։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի ապստամբության կոչերը։

Իր հերթին, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտնել է, որ խորհրդակցություններ է անցկացրել կառավարության ղեկավարի և ռազմական գերատեսչության հետ կապված Ռուսաստանում տիրող իրավիճակի հետ։ Դուդայի խոսքով՝ Լեհաստանում շարունակում են հետևել ռուսաստանյան իրադարձություններին։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը Պրիգոժինի մասնակցությամբ իրադարձություններն անվանել է վերջին ժամանակների ամենանշանակալի մարտահրավերը ռուսական պետությանը։

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է, որ Վաշինգտոնը հետևում է իրավիճակին։

«Մենք կխորհրդակցենք դաշնակիցների և գործընկերների հետ»,- ասել է Ադամ Հոջը։

Ռուսական իրադարձություններին հետևում են նաև Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները։ Միաժամանակ Ելիսեյան պալատը շեշտել է, որ Փարիզի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ աջակցությունն Ուկրաինաին։

Կիևը, մեկնաբանելով հակառակորդ երկրում տեղի ունեցող իրադարձությունները, համոզմունք է հայտնել, թե այդ ամենը միայն սկիզբն է։

«Էլիտաների միջև պառակտումը չափազանց ակնհայտ է: Համաձայնվել և ձևացնել, թե ամեն ինչ կարգին է, չի ստացվի», - Թվիթերում գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը:

12։34

Պաշտպանության նախարարությունը երկրորդ հայտարարությունն է տարածել`Պրիգոժինին ռազմական հեղաշրջման մեղադրանք առաջադրելուց հետո:

Դրանում ռազմական գերատեսչությունը պնդում է, թե վարձկաններին «խաբեությամբ են ներքաշել խռովության մեջ»։

«Որոշ ընկերներ արդեն հասկացել են իրենց մեղքը և դիմել`անվտանգ շարքեր վերադառնալու խնդրանքով», - նշել է գերատեսչությունը:

Նախարարությունը պնդում է, թե կերաշխավորի բոլոր այն մարտիկների անվտանգությունը, որոնք կհամաձայնեն զենքերը վայր դնել:

«Հորդորում ենք խոհեմություն ցուցաբերել և արագորեն կապի դուրս գալ Ռուսաստանի պաշտպանության նախարարության կամ իրավապահների հետ», - ասված է ուղերձում:

Ավելի վաղ իր ելույթում նախագահ Պուտինը պնդել էր, թե Ռուսաստանի զինված ուժերը հրահանգ են ստացել չեզոքացնել ռազմական խռովության կազմակերպիչներին։

«Նրանց նկատմամբ կձեռնարկվեն վճռական, կոշտ միջոցներ», - ասել էր Կրեմլի ղեկավարը:

12։33

Տվերի մարզի վարչակազմի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ հակաահաբեկչական ռեժիմի ուժեղացման հետ կապված որոշում է ընդունվել չեղարկել հանգստյան օրերին պլանավորած բոլոր զանգվածային միջոցառումները։

Քաղաքացիներին կոչ է արվել ձեռնպահ մնալ անձնական մեքենաներով «Դոն» մայրուղով երթևեկելուց։

Սահմանափակված է նաև տրանզիտ երթևեկությունը Լիպեցկի ու Մոսկվայի մարզերի ուղղություններով։

Տվերն ընկած է Մոսկվայից հյուսիս-արևմուտք, ավելի քան 160կմ հեռավորության վրա։

11:37

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է դաշնության քաղաքացիներին, զինվորականներին և իրավապահներին՝ կապված «Վագների» վարձկանների գործողությունների հետ։

Ռուսաստանի իշխանությունները ավելի վաղ «Վագներ» ռազմական խմբավորման գործողություններն անվանել էին «ապստամբություն» և քրեական գործ հարուցել նրա ղեկավարի՝ Եվգենի Պրիգոժինի դեմ։

Վլադիմիր Պուտինն այդ քայլերն անվանեց խռովություն, դավաճանություն, հարված թիկունքին՝ իրավիճակը համեմատելով 1917 թվականի հոկտեմբերի հետ։

«Մենք բախվել ենք դավաճանության հետ, չափազանց հավակնությունները հանգեցրեցին դավաճանություն Ռուսաստանին»,- ասել է Պուտինը խոստանալով «անխուսափելի պատիժ»։

«Ցանկացած ներքին ցնցում մահացու սպառնալիք է մեր պետականության համար, մեր գործողությունները կոշտ են լինելու»,- խոստացել է նա։

Նա ասել է, որ Ռուսաստանի զինված ուժերը հրաման են ստացել «չեզոքացնելու նրանց, որոնք կազմակերպել են զինված խռովությունը, և կձեռնարկվեն վճռական, խիստ գործողություններ»։

Պուտինը իր խոսքում ոչ մի անգամ Պրիգոժինի անունը չի տվել։

Այնուամենայնիվ, նա խոստովանել է, որ Ռոստովում պետական և իրավապահ մարմինների աշխատանքը «իրականում արգելափակված է»:

10:59

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկներին կոչ է արել հրաժարվել զինված ապստամբությանը մասնակցելուց։

«Ձեզ խաբեությամբ ներքաշել են Պրիգոժինի հանցավոր արկածախնդրության և զինված ապստամբության մասնակցության մեջ: Խնդրում ենք լինել շրջահայաց և հնարավորինս շուտ կապ հաստատել ՌԴ ՊՆ ներկայացուցիչների կամ իրավապահ մարմինների հետ։ Մենք երաշխավորում ենք բոլորի անվտանգությունը», - ասված է հայտարարության մեջ։

Նրանք ընդգծել են, որ դիմած բոլոր մարտիկներին ու հրամանատարներին արդեն ցուցաբերվել է անհրաժեշտ ողջ օգնությունը։

10։00

Մայրաքաղաք Մոսկվան Ռոստովի հետ կապող ավտոմայրուղին`M4-ը փակ է: Այդ ճանապարհին ընկած Վորոնեժի իշխանությունները հայտարարել են, թե որոշել են չեղարկել առաջիկա բոլոր զանգվածային միջոցառումները:

«Իրավիճակը կայուն է, կնեսական բոլոր ծառայություններն աշխատում են սովորական ռեժիմով», - միաժամանակ հաղորդել է նահանգապետ Ալեքսանդր Գուսևը:

09։14

«Դոժդ» հեռուստաընկերությունը տեսանյութ է հրապարակել, որում «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինի պնդում է, թե իր ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Ռոստովի օդանավակայանը և բոլոր ռազմական օբյեկտները։

Ըստ Պրիգոժինի՝ տեսանյութը նկարահանվել է Հարավային ռազմական օկրուգի շտաբում, որտեղ նա բանակցում է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Յունուս-Բեկ Եվկուրովի հետ։

«Վագների» ղեկավարը կրկին քննադատել է Ռուսաստանի ռազմական ղեկավարությանը, ասելով, թե նրանց պատճառով ռուսները մեծ կորուստներ են կրում ռազմի դաշտում`«3-4 անգամ ավելի, քան ներկայացվում է»:

Մինչ այս պահը ոչ նախագահ Պուտինը, ոչ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ոչ էլ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Պրիգոժինի գործողություններն ու հայտարությունները չեն մեկնաբանել:

Մինչ այդ Ռոստովի բնակիչները տեսանյութեր են տարածում, որոնցում երևում է, թե ինչպես են «Վագների» վարձականները զրահամեքենաներով մտել քաղաք: Արևմտյան լրատվամիջոցներին դեռ չի հաջողվել հաստատել այս տեսանյութերի իսկությունը:

09։00

Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևը հայտարարել է, թե Դոնի Ռոստովում շաբաթ- կիրակի նախատեսված բոլոր զանգվածային միջոցառումները չեղարկվել են:

«Հասարակական տրանսպորտը աշխատում է, բայց քաղաքի կենտրոնում երթուղիները փոխվել են», - նշել է պաշտոնյան:

Սահմանափակումներ են մտցվել նաև Ռոստովի նահանգի Աքսայի շրջանում. համայնքապետը հորդորել է բնակիչներին բնակության վայրը չլքել:

08։15

Սպիտակ տունը հայտարարել է, թե «նախագահ Բայդենը տեղեկացվել է Ռուսաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ»:

«Մենք հետևում ենք իրադարձություններին և խորհրդակցություն կանցկացնենք դաշնակիցների հետ», - հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադամ Հոջը:

«Վարձկանների այդ խումբը հետզհետե դառնում է մրցակցային ուժային կենտրոն`մարտահրավեր նետելով Ռուսաստանի բանակին», - դեռ տարեսկզբին հայտարարել էր Սպիտակ տունը:

07։00

Ռուսաստանում կեսգիշերից անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել, Մոսկվայում հատուկ հսկողության տակ են առնվել կառավարական կառույցներն ու ճանապարհները, որոշ աղբյուրներ հաղորդում են փողոցներում զրահամեքենաների տեղաշարժի մասին:

Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար, Պուտինի երբեմնի խոհարար Եվգենի Պրիգոժինի դեմ`ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար:

Ինքը`Պրիգոժինը մեղադրում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը իր վարձկանների ուղղությամբ կրակ բացելու համար: Երեկ ուշ երեկոյան նա հայտարարել է, թե «արդարության երթ է սկսում» նախարարության դեմ`կոչ անելով ռուսաստանցիներին միանալ իրեն: