Ադրբեջանում ուժային կառույցների հատուկ նշանակության ուժերի թվակազմը բազմակի ավելացել է։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։
Նրա խոսքով՝ էապես ավելացել է մասնավորապես Պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ջոկատների թիվը։ Ադրբեջանի առաջնորդը շեշտել է՝ 44-օրյա պատերազմի ժամանակ այդ ջոկատները «առանձնահատուկ հերոսություն են ցուցաբերել»:
«Պետական սահմանային ծառայությունը, ներքին զորքերը, պետական անվտանգության ծառայությունը, արտաքին հետախուզությունը՝ այդ կառույցների հատուկ նշանակության ջոկատների թիվը բազմակի ավելացել է»,- հայտարարել է Ալիևը և ընդգծել՝ նպատակը մեկն է՝ «պաշտպանել մեր տարածքը, ապահովել մեր երկրի տարածքային ամբողջականությունը և մեր անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում ջախջախիչ հարվածներ հասցնել թշնամու ուժերին»։
Ալիևը հայտարարել է նաև, որ Ադրբեջանը շարունակում է երկրի բանակը նոր սպառազինությամբ համալրել՝ այդ թվում հեռահար հրթիռներով։
«Հայրենական պատերազմից հետո նոր սպառազինությունների գնման գործընթացը շարունակվում է, և արդեն բազմաթիվ պայմանագրեր են կնքվել ինչպես նոր անօդաչու թռչող սարքերի մատակարարման, այնպես էլ հեռահար հրթիռների՝ մեծ կործանարար ուժով և բարձր ճշգրտությամբ», - ասել է Ադրբեջանի առաջնորդը: