«X զորամաս» թանգարանը քանդման եզրին է

Արցախյան առաջին պատերազմից հետո, 90-ականներին կառուցված և 44-օրյայից հետո արդեն պատերազմի թանգարանի վերածված «X զորամասը», որտեղ զոհված զինվորների նկարները, իրերը, հուշերն են, քանդման եզրին է։

Ուլնեցու փողոցի ամենավերջում, աչքից հեռու այս փոքիկ տարածքը կառուցվել է մի հողամասի վրա, որն օտարվել է և որտեղ այսօր շինարարական ակտիվ աշխատանքներ են ընթանում, բազմահարկ շենքեր են կառուցվում։

«Իքս զորամասի» հիմնադիր, պատերազմի վետերան Բեկին (Աղաբեկ Խաչատրյանին) դատարանը ժամկետ է տվել՝ տարածքը պետք է մինչև հուլիսի 5-ը ազատեն։

Աղաբեկ Խաչատրյան

«20 թվի պատերազմից որ մենք վերադարձանք, դատավճիռ էկավ, որ դատի են տվել էս տարածքի համար։ Ապշեցինք։ Մենք մինչև պատերազմը, դեռ Հայոց ազգային բանակի ժամանակ ռուսների ձեռից փախել ենք, էկել ենք... էստեղ ամբողջը ժայռեր էր, ժայռաբլուրներ էր, որ զենքերը պահենք, չխլեն մեր ձեռից։ Գիշերով երդում ենք տվել, որ որս սաղ մնա, հետագայում ստեղ մի մոմ վառի», - պատմեց Բեկը։

Նա ասաց, որ իրենց ոչ ոք չի ասել, թե դա ուրիշի տարածք է. - «Եթե իմանայի ուրիշի տարածք էր, 2010 թվին կեթայի կասեի՝ ախպեր, մեր երդման տեղն ա, մի փոքր պուրակ թող սարքենք էլի»։

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ տարածքի սեփականատերը 2007 թվականից «Ա.Կ.Ր.Ա-ԿՈՄ» ՍՊԸ-ն է։ Գործում նշված է, որ Աղաբեկ Խաչատրյանը խնդրել է զիջումների գնալ, սակայն կողմերը հաշտության չեն եկել։

«Էստեղ յոթ հազար հինգ հարյուր անուն նաև քարերի վրա ա գրած, էնտեղ քառօրյան ա... էս ամբողջ տարածքը 200 քառակուսի մետր ա, նվիրի էս ծնողներին, նվիրի էս բալիկներին», - հորդորում է Բեկը։

Պետռեգիստրի տվյալներով, տարածքն ազատելու համար Աղաբեկ Խաչատրյանին դատի տված «Ա.Կ.Ր.Ա-ԿՈՄ» ընկերության 100 տոկոսի բաժնետերը Մելիք Հակոբյանն է։ «Ազատության» հետ հեռախոսազրուցում նա ասաց, որ հուշահամալիրը չեն քանդում, տեղափոխում են, Շենգավիթում հող են առել և նվիրում են Բեկին. - «Մենք բարեգործություն, գթասրտություն անելով՝ հող ենք առել, մեր միջոցներով ասում ենք տեղափոխենք։ Հիմա ինքը շահարկում ա զոհված երիտասարդների անունները, նկարները։ Բերել ա, էդ ամեն ինչը կառուցել ա ու մեզի դրել ա անհարմար վիճակի մեջ»։

Սեփականատիրոջ պնդմամբ, «Իքս զորամասը» գտնվում է ավելի քան 1 հեկտար հողի թեք հատվածում և այդ փոքրիկ թանգարանի պատճառով տարածքը նպատակային չեն կարողանում օգտագործել։

«Ու ոչ մեկ թող չփորձվի, որ կարող ա մտքի ծայրով անգամ անցկացնի, որ էս տարածքը կարող են ապամոնտաժել կամ քանդել կամ չգիտեմ ինչ անել։ Կամ քանդեն, տեղափոխեն ուրիշ տարածք։ Տենց բան հնարավոր չի», - ասում է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Մխիթարյանի հայրը՝ Գարիկ Մխիթարյանը ու դիմում է պետական այրերին՝ մի՞թե հնարավոր չէ սեփականատիրոջից ձեռք բերել այս մի քանի քառակուսի մետր տարածքը, որպեսզի որդեկորույս ծնողներն իրենց անտեսված չզգան. - «Որ չզգանք մի բան, որ մեր տղաները ափսոս, որ գնացին էս հայրենիքի համար։ Այսինքն՝ ամեն մեկին մեկ քառակուսի սանտիմետր հող չէ՞ր հասնում»։

Երեկ մի քանի ծնողներ հանդիպել են Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ։ Իրենց խնդրանք է, որ «Իքս զորմասին» թանգարանին կարգավիճակ տրվի։ Պայմանավորվել են, որ հաջորդ շաբաթ Ավինյանը կայցելի տարածքը՝ տեղում խնդրին ծանոթանալու։

Հանդիպել են նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ։ Կրկին՝ ոչ մի կոնկրետերություն։

«Իմ մահն էլ, իմ ամեն ինչն էլ պատերազմի դաշտում 33 տարի տեսել եմ։ Ո'չ վախում եմ մեռնելուց, ո'չ դատվելուց։ Ուզում ես, քեզ սպասում ենք, արի քանդի, ախպեր, քու ձեռով», - ասում է Բեկը՝ հավելելով, որ օրենքի առջև անզոր է։ Ասում է, որ իր ձեռքով ոչինչ չի տեղափոխի։ Որոշ իրեր, սակայն, արդեն հեռացվել են։

«Տեղի բնակիչները ապշել էին, որ ստեղ, էս ժայռին նուռ ա աճել»։ - նռնենին է ցույց տալիս Բեկը։

Քարերի ու ժայռերի մեջ կառուցած այս հուշահամլիրում նուռը ծաղկել էր, ծիրանը հասել... «Իքս զորամասում» առեղծված սրանում չեն տեսնում, տղաների հոգին է մեջը։