Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, հայտնում է Քննչական կոմիտեն։
Ըստ հաղորդագրության՝ նախաքննությամբ տվյալներ են ստացվել, որ Տիգրան Խաչատրյանը ավտոմեքենայի համար անվադողեր գնելու հարցի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել անվադողերի վաճառքով զբաղվող, 46-ամյա համաքաղաքացու հետ։ Վերջինիս եղբոր որդին դրանք տրամադրելու նպատակով զանգահարել է Տիգրան Խաչատրյանին և, դիմելաձևի հետ կապված՝ նրանց միջև առաջացել է լեզվակռիվ, որը մնացել է անավարտ:
Նախկին մարզպետի որդին, ըստ հաղորդագրության իր մեքենայով երկու մտերիմների հետ գնացել է ավտոտեխսպասարկման կետ, որտեղ խուլիգանական դրդումներով վիճաբանություն է հրահրել աշխատակիցների հետ, նրանց հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, ապօրինի կրած հրազենով կրակոց է արձակել 46-ամյա տղամարդու ուղղությամբ` վերջինիս պատճառելով մարմնական վնասվածք և հեռացել դեպքի վայրից, լքել Գորիսը։
Միջնորդություն է ներկայացվել հսկողություն իրականացնող դատախազին՝ Տ.Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն՝ Տիգրան Խաչատրյանին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։
Տիգրան Խաչատրյանը 2013-ին Ավետիք Բուդաղյանի սպանության գործով էր անցնում, որը տեղի էր ունեցել նախկին մարզպետի տան մոտ։ Այս գործի շրջանակներում դատարանն արդարացրել էր Տիգրան Խաչատրյանին՝ նրա գործողությունները դիտարկելով որպես ինքնապաշտպանություն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստուգվում է Գորիսում հնչած կրակոցներին նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու առնչությունը