10 վիրավոր, 6 ձերբակալված՝ այսպիսին են ադրբեջանական ոստիկանության և Գետաբեկի շրջանի Սոյուդլու գյուղի բնակիչների միջև նախօրեին սկիզբ առած հակամարտության առաջին արդյունքները։
Հայաստանի հետ սահմանից ընդամենը 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող այս գյուղում իրավիճակը լարվեց նախօրեին՝ այն բանից հետո, երբ ոստիկանությունն ուժով ցրեց այստեղ գտնվող ոսկու հանքի շահագործման դեմ բողոքող ցույցի մասնակիցներին։
Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերում հստակ երևում էր, թե ինչպես էին ադրբեջանցի ոստիկանները արցունքաբեր գազ փչում տարեց կանանց դեմքին, ինչին ի պատասխան գյուղացիները քարեր և փայտեր էին շպրտում նրանց ուղղությամբ։
Սոյուդլուի բնակիչները պնդում են, որ իրենց արոտավայրերն օգտագործվում են հանքարդյունաբերության նպատակով, իսկ գյուղի մերձակա սարերից մեկում կառուցված պոչամբարի արտանետումները թունավորում են ընդերքն ու գետերը՝ անասնապահությունը գրեթե անհնարին դարձնելով։ Բացի այդ, Գետաբեկում շրջանառվող տեղեկությունների համաձայն, շուտով տեղացիների արոտավայրերը էլ ավելի կսահմանափակվեն՝ ևս մեկ պոչամբարի կառուցման պատճառով։
Տեղական իշխանությունները այս բոլոր պնդումները կտրականապես հերքում են՝ տարակուսելով նաև, թե ինչո՞ւ են գյուղացիները ոսկու հանքից սկսել բողոքել դրա շահագործման մեկնարկից ավելի քան տասը տարի անց։
«Այս լիճը արդեն 11 տարի է, ինչ գոյություն ունի։ Մինչ օրս դուք երբեք դրանից չէիք բողոքել, և անցած տարիներին այդ լիճը որևէ սպառնալիք չէր ներկայացնում։ Եկեք սպասենք մասնագետների եզրակացությանը։ Սակայն, կարող եմ միանշանակ ասել, որ այդ լիճը մարդկանց առողջությանը որևէ վնաս չի պատճառում», - բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարում էր գյուղ ժամանած Գետաբեկի շրջանային վարչակազմի ղեկավար Օրհան Մուրսալովը։
Բացի այդ, շրջանի ղեկավարն այսօր, ըստ էության, արդարարցրեց ոստիկանության երեկվա գործողությունները՝ պնդելով, թե՝ «որևէ քաղաքացի իրավունք չունի քար նետել իրավապահների ուղղությամբ»։ Մուրսալովի այս հայտարարություններից հետո կրքերը կրկին բորբոքվեցին և հանդիպումը փոխադարձ մեղադրանքների անկանոն փոխանակության վերածվեց։
Հատկանշական է, ի դեպ, որ ի տարբերություն երեկվա ակցիաների, այսօր արդեն ցուցարարների ձեռքին խնամքով պատրաստված պաստառներ կային, որոնց վրա գրված էր՝ «Ջրային պաշարները աղտոտվում են, Քուռ գետը թունավորվում է»։
Բողոքի ակցիաների երկրորդ օրը ցուցարար գյուղացիները սկսել են խոսել նաև այն մասին, թե ում է պատկանում խնդրահարույց հանքավայրը՝ հիշատակելով Ադրբեջանի առաջին տիկին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի անունը։
Գետաբեկի շրջանի բնակիչների այս պնդումները հիմնազուրկ չեն։ Դեռ 10 տարի առաջ «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը» պարզել էր, որ Գետաբեկում գտնվող ոսկու հանքի շահագործման մեջ ներգրավված AIMROC ընկերության ղեկավար կազմում հիշատակվում են Իլհամ Ալիևի երկու դստրերի՝ Լեյլայի և Արզուի անունները։
Այսօր արդեն, որպես Գետաբեկի հանքավայրի օպերատոր ընկերություն նշվում է Anglo Asian Mining կոնցերնի հետ ուղղակիորեն փոխկապացված «Ադրբեջանի միջազգային հանքային ընկերությունը»։ Երկու կառույցների դեպքում էլ գլխավոր բաժնետերը նույնն է՝ ԱՄՆ-Ադրբեջան առևտրային պալատի հիմնադիր և խորհրդի ցմահ նախագահ, Իլհամ Ալիևի հետ սերտ կապեր ունեցող գործարար Ռեզա Վազիրին։
Anglo Asian Mining-ի և Ալիևների ընտանիքի միջև սերտ կապերի ևս մեկ վկայությունն այն էր, որ ըստ Reuters գործակալության, դեռ հինգ տարի առաջ, Գետաբեկի հանքավայրի ընդլայնման նպատակով շուրջ 15 միլիոն դոլարի վարկը տրամադրել էր Մեհրիբան Ալիևայի ընտանիքի վերահսկողության տակ գտնվող PASHA հոլդինգի կազմում գործող համանուն բանկը։
Anglo Asian Mining ընկերությունը դեռ 1997 թվականին ձեռք էր բերել նաև Լեռնային Ղարաբաղում գտնվող Կաշենի և Դրմբոնի հանքավայրերի, ինչպես նաև այդ պահին հայերի կողմից վերահսկվող Զանգելանի շրջանում տեղակայված ևս մեկ հանքավայրի՝ Վաջնալուի շահագործման իրավունքը։