Հայ ազգային կոնգրեսի նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանի եղբայրը՝ Հունան Սարգսյանը համացանցով օգնություն է խնդրում։ Ըստ նրա՝ Քննչականի աշխատակից ներկայացած դիմակավորված անձինք 3 օր առաջ մտել են իրենց առանձնատուն, խուզարկել ու տարել Տիգրանին։ Այս օրվանից նրանից լուր չունեն։
«Սկսվեց խուզարկությունը, երևի մի 5-10 րոպե հետո Տիկոյին միանգամից կողքիցս տարան էդ մասկաներով մարդիկ: Տվյալ պահին ոչ մի տեղեկություն չունեմ՝ ինչ գործ է, երեք օր է իրենից լուր չունենք», - ասաց Հունան Սարգսյանը:
Տիգրան Առաքլյանը տարիներ առաջ ակտիվ մասնակցել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի գրեթե բոլոր ակցիաների, մեկ անգամ չէ, որ եղել է անազատության մեջ։ Իսկ ահա 2013-ին Առաքելյանը մեղադրվել է ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանին սեքսուալ բնույթի տեսանյութերով շանտաժի ենթարկելու համար։ Շորթման հոդվածով շուրջ 10 ամիս կալանավայրում մնալուց հետո համաներմամբ ազատ արձակված ակտիվիստն այդպես էլ չէր ընդունել մեղադրանքը։
Հունիսի 17-ից Տիգրանից լուր չունեցող հարազատներն ասում են՝ տեղյակ չեն, թե ինչ կարգավիճակով է օրեր շարունակ անազատության մեջ պահվում 42-ամյա տղամարդը. - «Ինքը դեռ փաստաբան չունի, տեղյակ չենք՝ հարցաքննվել է, ոնց է հարցաքննվել, էդ մասով, քանի որ չունի դատապաշտպան, մենք բացարձակապես չգիտենք՝ էդ գործընթացն արվել է կամ եթե արվել է, ինչ պրոցեսով է արվել»:
Հունան Սարգսյանն ասում է՝ դիմակավորված անձինք միայն ասել են, որ Տիգրանին տանում են Պարույր Սևակի 4 հասցեում գտնվող Քննչական կոմիտե։ Հետո հարազատները գնացել ու չեն կարողացել նրան տեսակցել, այնտեղից կինը գնացել է ձերբակալվածների վայր, ասում է՝ տեսել են, որ ՁՊՎ-ում պահվողների ցանկում կա նաև ամուսնու անունը, բայց այստեղ էլ թույլ չեն տվել տեսակցել։
Հարազատները մտահոգված են՝ դատարանի որոշում չեն տեսել, որով այցելություններն արգելված են, բայց չեն կարողացել մտնել նրա մոտ, առաջարկել են դատաբժշկական փորձաքննություն կատարել, դա էլ է մերժվել։
«Այսքանից հետո կասկածներ ունենք, որ նա ներսում բռնության է ենթարկվում», - ասաց Առաքելյանի եղբայրը, որի համար տարօրինակ է նաև այն, որ չեն կարողանում փաստաբան ներգրավել գործով:
«Դիմեցինք ինչ-որ փաստաբանի, բայց հետո էլ չկարողացանք իր հետ կապվել ու տենց հասկացանք՝ 1,2 3, ինչ-որ տարօրինակ կերպով հետադարձ կապ, առաջին կապը ստացում է, երկրորդ կապը չի ստացվում: Էդ կառույցների հետ մեր կապը՝ 0, մենք ոչ մեկի հետ չենք կարողանում շփվել», - ներկայացրեց Հունան Սարգսյանը:
«Ահազանգ է ստացվել Տիգրան Առաքելյանի կողմից, վերջինս նշել է, որ իր նկատմամբ բռնություն է կիրառվել»
Տիգրան Առաքելյանի կինը զանգահարել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: ՄԻՊ-ից «Ազատությանը» փոխանցեցին, որ ինքը՝ Տիգրանը նույնպես է ՁՊՎ-ից զանգահարել իրենց, գործին ընթացք են տվել, գրությունն ուղարկել Գլխավոր դատախազություն։
«Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին երեկ ահազանգ է ստացվել Տիգրան Առաքելյանի կողմից, վերջինս նշել է, որ գտնվում է ձերբակալվածների պահման վայրում, քննչական մարմնում իր նկատմամբ բռնություն է կիրառվել: Զանգը ստանալուց անմիջապես հետո պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ձերբակալվածների պահման վայր, հանդիպել են Տիգրան Առաքելյանին, առանձնազրույցի ընթացքում նրա կողմից բարձրացված հարցերն արձանագրվել են և առանձին գրությամբ ուղարկվել են Գլխավոր դատախազություն: Այնուհետև զանգ ենք ստացել նաև Տիգրան Առաքելյանի կնոջից, ում մանրամասն ներկայացրել ենք իրականացված այցի արդյունքները», - հայտնեցին օմբուդսմենի գրասենյակից:
Գլխավոր դատախազությունից «Ազատությանն» ասացին՝ ստացել են ՄԻՊ-ի գրությունը ու ուսումնասիրում են։ Ոչ ՄԻՊ գրասենյակից, ոչ դատախազությունից, ոչ էլ Քննչական կոմիտեից պատասխան չստացանք՝ արդյո՞ք Տիգրան Առաքելյանը ՁՊՎ-ում բռնության է ենթարկվել։
Օրվա ավարտին միայն Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին՝ Տիգրան Առաքելյանը մեղադրյալի կարգավիճակ ունի, քրեական գործ է հարուցվել միանգամից մի քանի հոդվածներով՝ շորթման և պաշտոնատար անձանց վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակելուն օժանդակելու համար։ Այս հոդվածներով մինչև 6 տարվա ազատազրկում է նախատեսված։