Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նեղ կազմով նիստը։
Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ նիստին մասնակցում է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Այսօր ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարությունից հայտնել են, որ հանդիպման մասնակիցները կամփոփեն ՀԱՊԿ շրջանակում համագործակցության արդյունքները և կքննարկեն հետագա համագործակցության հեռանկարները։
Միջոցառման ընթացքում նախատեսվում է մտքերի խորացված փոխանակում միջազգային և տարածաշրջանային իրավիճակի և կազմակերպության անդամ երկրների անվտանգության վրա դրա ազդեցության, ինչպես նաև ՀԱՊԿ արտաքին հարաբերությունների զարգացման հետագա քայլերի վերաբերյալ։
ՀԱՊԿ անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, որն այս տարի նախագահում է կազմակերպությունը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը։
Հայաստանը բազմիցս է հայտարարել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից իր դժգոհությունների մասին․ Երևանը ՀԱՊԿ-ից պահանջել էր դատապարտել 2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք։ Այս պահանջը ՀԱՊԿ-ն այդպես էլ չկատարեց։ Այս լարվածությունից հետո Հայաստանը նաև չեղարկեց իր տարածքում ՀԱՊԿ զորավարժությունները, հետո էլ հրաժարվեց կառույցում գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լավրով․ «Արևմուտքը ցանկանում է պառակտել ՀԱՊԿ-ը»