Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանը կքննարկի Լաչինի միջանցքի ճգնաժամը:
Հունիսի 19-ին առաջարկի շուրջ վեճեր են ծավալվել: Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել է ստեղծված վիճակը: Ադրբեջանի պատվիրակությունը տարատեսակ հնարքներով փորձել է խափանել նախաձեռնությունը, սակայն օրենսդիրների գերիշխող մեծամասնության վճռով հարցը ներառվել է օրակարգում և ԵԽԽՎ Բյուրոյի առաջարկով հրատապ կարգով կքննարկի հունիսի 22-ին նիստում:
Երեկ ամառային նստաշրջանի ծրագրի մասին խոսել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը:
Ի շարս այլ թեմաների, ԵԽ գլխավոր քարտուղարն անդրադարձել է նաև Կովկասին ու, մասնավորապես, հայ-ադրբեջանական հակամարտությանը:
Նրա խոսքով, առավել հրատապ խնդիրներից է փոխադարձ վստահությունը: Դա ապահովելու համար կողմերը պետք է երկխոսեն և համատեղ ջանքերով աշխատեն տարաձայնությունները վերացնելու վրա:
Նա խոսել է երկու երկրներ Եվրոպայի խորհրդի պատվիրակությունների այցերը կազմակերպելու կարևորության մասին և ասել, որ շաբաթներ առաջ մի պատվիակություն եղել է Ադրբեջանում, իսկ երկու շաբաթից մի պատվիրակություն էլ Հայաստան կմեկնի:
«Այդ պատվիրակությունների նպատակն է օգնել յուրաքանչյուր կողմին կոնկրետ հարցերում՝ ռազմագերիներ, անհետ կորածներ, ականապատված տարածքների քարտեզներ և լուծում պահանջող այլ բարդություններ», - ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը:
Նրա խոսքով, Եվրոպայի խորհրդի առաքելությունն է սատարել կողմերին փոխըմբռման հասնելու ճանապարհին:
«Ոչինչ չի կարող փոխարինել համատեղ աշխատանքը հանուն խաղաղության, և մենք, իհարկե, կարող ենք մեր կողմից աջակցել, սակայն այդ աշխատանքի գլխավոր և կարևոր մասի կատարումը վերապահվում է երկու երկրների լիդերներին», - ասել է Պեյչինովիչ-Բուրիչը:
Նա գովեստով է նշել է, որ չնայած ներկայիս բարդ զարգացումներին, երկու երկրների ղեկավարներն այնուամենայնիվ հանդիպումներ են անցկացնում:
«Տեսնում ենք, որ կան չլուծված հարցեր, բայց հանդիպումները տեղի են ունենում», - ասել է գլխավոր քարտուղարը:
Նա նշել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը երեկ չէ մեկնարկել, դա երկար պատմություն ունեցող խնդիր է:
«Հատկապես հիմա, երբ տեսնում ենք լայնածավալ ագրեսիա Ուկրաինայի նկատմամբ, մեզ, վստահաբար, անհրաժեշտ են հակամարտությունների կարգավորումներ, այլ ոչ թե նոր հակամարտությունների ծագում», - ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը: