Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ խաղում Հայաստանի ազգային հավաքականը Քարդիֆում 4:2 հաշվով առավելության հասավ Ուելսի ընտրանու նկատմամբ:
Ուրբաթ երեկոյան կայացած հանդիպման հաշիվը բացեցին դաշտի տերերը՝ Դենիել Ջեյմսը 10-րդ րոպեին, սակայն դրան հաջորդեցին Հայաստանի թիմի երեք գոլերը՝ Լուկաս Սելարայանի՝ 19-րդ, Հրանտ-Լեոն Ռանոսի՝ 30-րդ և 60-րդ րոպեներին: Հարրի Ուիլսոնը 72-րդ րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն Սելարայանը 75-րդ րոպեին հաշիվը դարձրեց 4:2, որն էլ անփոփոխ մնաց մինչև խաղի ավարտը:
Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչին հարվածելու համար 78-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Ուելսի հավաքականի հարձակվող Քյեֆեր Մուրը:
Ընտրական D խմբի մյուս խաղում Թուրքիան Ռիգայում 3:2 հաշվով հաղթեց Լատվիային:
Ընտրական մրցաշարի երկրորդ խաղից հետո Հայաստանը 3 միավորով D խմբի աղյուսակում 4-րդն է, սակայն մեկ հանդիպում պակաս է անցկացրել 6 միավորով աղյուսակը գլխավորող Թուրքիայից և 4 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցնող Ուելսից: Երկրորդը Խորվաթիան է՝ երկու խաղում վաստակած 4 միավորով: Վերջին տեղում Լատվիան է, որն առայժմ միավոր չի վաստակել:
Հաջորդ հանդիպումը Ալեքսանդր Պետրակովի սաները կանցկացնեն հունիսի 19-ին Երևանում՝ Լատվիայի հետ, ապա սեպտեմբերի 8-ին կհյուրընկալվեն Թուրքիային:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը զիջեց Թուրքիային 1:2 հաշվով